Թուրքիան և Հունաստանը 5 տարի անց Ստամբուլում կանցկացնեն երկկողմ հարաբերություններում տարաձայնությունների շուրջ բանակցությունների 61-րդ փուլը, հիմնականում՝ Էգեյան և Միջերկրական ծովերում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ավելի վաղ հայտարարել էր, որ Հունաստանը «լավատեսությամբ ու ինքնավստահությամբ կմասնակցի բանակցություններին»:

Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2002 թվականին Անկարայում՝ երկու երկրների արտգործնախարարների խորհրդականների մակարդակով:

Երկխոսությունն արտաքին գործերի նախարարությունների մակարդակով պահպանվել է մինչև 2016 թվականը: Այդ ընթացքում տեղի է ունեցել հանդիպումների 60 փուլ:

Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանում աճող լարվածությունը ևս մեկ անգամ ընդգծել է Թուրքիայի և Հունաստանի միջև երկխոսության վերականգնման կարևորությունը:

Ակնկալվում է, որ Անկարայի և Աթենքի բանակցությունները դրական ազդեցություն կունենան նաև Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների վրա:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հունվարի 21-ին Բրյուսելում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերը պատրաստ են բանակցություններ սկսելուն, և այդ ցանկությունն արդեն պետք է վերածվի հստակ քայլերի:

 

Աղբյուր՝ tert.am

24 Հունվար, 2021 15:59
122
; ;