Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետը հայտնել է, որ աշխարհի լավագույն համալսարանների ուսանողներին Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատանքի հրավիրելու նախաձեռնությանը արդեն ներկայացվել է ավելի քան 800 դիմում։

Նրա խոսքով՝ դիմողների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ և հայեր են, սակայն կան նաև օտարերկրյա քաղաքացիներ։ Այժմ ընթանում է հայտերի ուսումնասիրության և գնահատման գործընթաց, որից հետո լավագույն թեկնածուներին կարող են առաջարկվել աշխատանքի հնարավորություններ։

Վարչապետը չի բացառել, որ որոշ մասնագետների հետ քննարկվեն նաև բարձր պաշտոններում ներգրավվելու տարբերակներ՝ ընդգծելով, որ նպատակը պետական կառավարման համակարգում բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավումն է։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե նման նախաձեռնությունը կարող է նվազեցնել հայկական բուհերի շրջանավարտների դերը, վարչապետը նշել է, որ որևէ կերպ չի նսեմացվում տեղական բուհերի նշանակությունը։

Նրա խոսքով՝ ակադեմիական քաղաքի ծրագիրը հենց նպատակ ունի զարգացնել հայկական բուհերը, բարձրացնել դրանց միջազգային մրցունակությունը և ստեղծել պայմաններ, որպեսզի դրանք համապատասխանեն միջազգային չափանիշներին։

Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանում անհրաժեշտ է ավելացնել միջազգային կրթական ծրագրերը՝ այդ թվում՝ օտար լեզուներով իրականացվող ծրագրերը։

77