Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2021թ․-ը մեկնարկել է նախորդիվ սկսված ու շարունակվող, ինչպես նաեւ նոր սկսվող ծրագրերով ու նախագծերով։ Դրանցից մեկն էլ գերմանական «Ֆոլկսվագեն» հիմնադրամի ֆինանսավորմամբ «Մեթանի ձևավորումը սուլֆիդ եւ նիտրատ պարունակող մնացորդային միջավայրերում» դրամաշնորհային նախագիծն է։

2021-2023թթ.-ի ընթացքում իրագործվելիք նախագծի շրջանակում համալսարանում կստեղծվի Բնապահպանական կենսաքիմիայի լաբորատորիա։ Այն կգա լրացնելու համալսարանում արդեն շարք մտած արդիական ու գերարդիական ենթակառույցների ցանկը՝ իր հերթին նպաստելով գյուղատնտեսական ու բնապահպանական գիտության եւ գործնական կրթության եւ վերապատրաստման (ոչ միայն ուսանողների) նպատակների իրականացմանը։

«Նախագծի նպատակն է հետազոտել նստվածքային միջավայրերում դիտվող մեթանառաջացնող երեւույթները, որի մասին քիչ բան է հայտնի։ Նախագիծը խոստումնալից է՝ մեթանի արտադրության եւ դեպի մթնոլորտ դրա պոտենցիալ արտանետման խոչընդոտների վերաբերյալ առկա գիտելիքների բարելավման առումով»,- ասում է նախագծի գլխավոր հետազոտող Նաթելլա Միրզոյանը։

Նախագծի՝ զուտ գիտական եւ ոլորտային համապատասխան քաղաքականություն մշակելու տեսակետից ունեցած կարեւորությունից զատ, դոկտ․ Միրզոյանը շատ կարեւոր է համարում «համաշխարհային մակարդակի» բնապահպանական վերլուծական քիմիական ու մանրէակենսաբանական լաբորատորիայի հիմնումը Ագրարային համալսարանում, որը «կրթելու եւ վերապատրաստելու է այս ոլորտի մասնագետների ապագա սերունդներին»։

Իսրայելում, ԱՄՆ-ում, Հայաստանում եւ այլուր գիտական տարբեր նախագծեր իրականացրած Նաթելլա Միրզոյանն այս նախագծում գործակցում է Բեռլինի քաղցրահամ ջրերի էկոլոգիայի եւ ջրամբարային ձկնաբուծարանների Լայբնիցի ինստիտուտի պրոֆեսոր Հ․Պ․ Գրոսարտի հետ։

305