Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Տվյալահենք ինքնագնահատում և որակի բարելավում ՄԿՈՒ համակարգում. QA4VET ծրագրի շրջանակում իրականացվել է «Փորձնական (Mock) հավատարմագրման իրականացում՝ աջակցելու որակի ապահովմանը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում» նախագիծը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել փորձնական հավատարմագրման արդյունքների ամփոփիչ միջոցառմանը:
QA4VET-ը Erasmus+ կարողությունների զարգացման ծրագիր է, որի նպատակն է աջակցել ՄԿՈւ հաստատություններում որակի ներքին ապահովման համակարգերի զարգացմանը՝ մշակելով և փորձարկելով փորձնական հավատարմագրման մեթոդաբանություն։ Ծրագիրը նպաստում է ապացույցների, տվյալների և գործընկերային գնահատման վրա հիմնված որոշումների կայացման մշակույթի ձևավորմանը՝ խթանելով ՄԿՈՒ հաստատությունների ինքնավերլուծությունը, կրթական ծրագրերի բարելավումը և որակի ապահովման համակարգերի շարունակական զարգացումը։ Ծրագրին միացել են ՀՀ մասնագիտական ուսումնական 9 հաստատություններ:
«Մասնագիտական կրթության ոլորտում հավատարմագրման գործընթացի իրականացումը որակյալ կրթության մասին վկայող փաստ է: Այն ունի շատ կարևոր նշանակություն թե՛ դիմորդներ ներգրավելու, թե՛ ուսանողներին վստահություն ներշնչելու տեսանկյունից: Եվ որպեսզի մեր շրջանավարտները դառնան մրցունակ, և կրթության որակն անընդհատ փոխվի և բարձրանա, մենք կարիք ունենք հավատարմագրման գործընթացի»,- ողջույնի խոսքում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Նա հիշեցրել է, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում մի քանի ուղղություններով փոփոխություն է արվել: Ըստ այդմ՝ ամբողջությամբ վերանայվելու են լիցենզավորման և հավատարմագրման գործընթացները՝ ավելի կենտրոնանալով կրթության որակի բարձրացման վրա: «Մասնագիտական կրթության որակի բարձրացման մի քանի ձևաչափ ենք դիտարկում. առանցքում աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրումն է: Պետք է նաև կենտրոնանանք դասավանդողների մասնագիտական կարողությունների զարգացման վրա, որն արդեն իսկ մեկնարկել է որոշ ոլորտներում, բայց առաջիկայում ավելի լայն ծավալով ու լայն թափով զարգացում կունենա: Կարևորում ենք կառավարման ուղղակի ուժեղացումը: Զուգահեռաբար զարգացնելով և միջազգային ստանդարտներին մոտեցնելով հավատարմագրման գործընթացներն ու վերջնարդյունքները՝ վստահ եմ՝ ՄԿՈւ ոլորտի գրավչությունը էլ ավելի կբարձրանա»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ այս համատեքստում ընդգծելով, որ ոլորտում դիմորդների թիվը տարեցտարի ավելանում է: Նրա գնահատմամբ՝ նորավարտ երիտասարդներն ավելի հստակ են պատկերացնում միջին մասնագիտական կրթության հնարավորությունները և իրենց անելիքները:
Արաքսիա Սվաջյանն անգնահատելի է համարել նաև միջազգային փորձի ուսումնասիրման և տեղայնացման, այս դեպքում՝ Erasmus+ ծրագրի ազդեցությունը, որը հնարավորություն է տալիս ծրագրի շրջանակում ստեղծվող ռեսուրսներն օգտագործելով՝ միասին լուծել այս կամ այն գործընթացի շրջանակում առկա խնդիրները: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին և հույս հայտնել, որ ծրագրի աշխարհագրությունը կմեծանա՝ ընդգրկելով ավելի շատ ուսումնական հաստատությունների:
Ծրագիրը կարևորել և դրա իրականացման մանրամասներին անդրադարձել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանը և Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Մարիաննա Սարգսյանը:
Ծրագրի շրջանակում մշակվել է ՄԿՈՒ հաստատությունների համար նախատեսված փորձնական հավատարմագրման մոդել, որը ներառում է.
• փորձնական հավատարմագրման մեթոդաբանությունը,
• գործընթացի իրականացման փուլերը,
• ինքնագնահատման և ինքնավերլուծության մոտեցումները,
• արտաքին գործընկերային գնահատումը,
• արդյունքների հիման վրա բարելավումների պլանավորումը։
Ծրագրի կարևորությունն այն է, որ փորձնական հավատարմագրումը դիտարկվում է ոչ թե որպես մեկանգամյա գնահատման գործընթաց, այլ հաստատությունների կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ ուսումնառության և ներքին որակի ապահովման համակարգերի ամրապնդման գործիք։
Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից և իրականացվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի և Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համագործակցությամբ: Գործընկեր կառույցներն են Գերմանիայի мասնագիտական կրթության, աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության ինստիտուտը (INVOLAS) և Ռումինիայի նախահամալսարանական կրթության որակի ապահովման գործակալությունը (ARACIP)։