Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Sotheby's-ի աճուրդի տունը, որը 1997 թվականին առաջին անգամ աճուրդի հանեց դինոզավրի կմախք, գրեթե 30 տարի անց կրկին ներկայացնում է բացառիկ նմուշ։

Այս անգամ աճուրդում կհայտնվի «Գաս» անունով տիրանոզավր ռեքսի կմախքը, որը համարվում է երբևէ հայտնաբերված այս տեսակի ամենաամբողջական նմուշներից մեկը։ Դրա նախնական գնահատականը 30 միլիոն դոլար է, իսկ մեկնարկային գինը՝ 19 միլիոն դոլար։ Մասնագետները չեն բացառում, որ վերջնական վաճառքի արժեքը կարող է գերազանցել այդ գումարը և սահմանել նոր ռեկորդ։

«Գասը» հայտնաբերվել է Հարավային Դակոտայի Բեդլենդս շրջանում։ Այն հողից դուրս բերելու համար հնագույն հանածոների որոնող Թոմաս Հեյթկամպի թիմը շուրջ երեք տարի պեղումներ է իրականացրել, որից հետո ևս երեք տարի պահանջվել է կմախքի մաքրման, վերականգնման և գիտական փաստաթղթավորման համար։

Աճուրդը կրկին սրել է հնէաբանների շրջանում շարունակվող բանավեճը. արդյո՞ք նման բացառիկ գիտական արժեք ունեցող հանածոները պետք է պահպանվեն թանգարաններում և ծառայեն գիտությանը, թե կարող են հայտնվել մասնավոր հավաքորդների ձեռքում։

Ներկայիս ռեկորդը պատկանում է «Ապեքս» անունով ստեգոզավրին, որը 2024 թվականին Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 44,6 միլիոն դոլարով։ Եթե «Գասը» վաճառվի ավելի բարձր գնով, այն կդառնա պատմության ամենաթանկ վաճառված դինոզավրը։

164