Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրիտանական թագավորական ընտանիքում Եղիսաբեթ II թագուհու հանգուցյալ քրոջ՝ արքայադուստր Մարգարեթի թոռը՝ Սեմ Չատտոն, նշանադրվել է բրիտանահայ նկարչուհի և կինոռեժիսոր Էլեոնոր Էքսերջյանի հետ։

«People»-ի փոխանցմամբ՝ զույգը միասին է 2021 թվականից։ Նրանք ծանոթացել են Էդինբուրգի համալսարանում ուսանելու տարիներին, իսկ այսօր ապրում են Լոնդոնում։

Նշանադրության մասին Սեմ Չատտոնը հայտնել է «Instagram»-ում՝ գրելով. «Ես ուրախ եմ հայտնել, որ Էլլին և ես նշանադրվել ենք։ Մենք չէինք կարող ավելի երջանիկ լինել»։ Ի դեպ, հարթակում տեղադրված լուսանկարը արված է Հայաստանում՝ Երևանում։

Հատկանշական է, որ մասնագիտությամբ կերամիստ Սեմ Չատտոնը հրաժարվել է ավանդական նշանադրության մատանուց և սեփական ձեռքով պատրաստել է ճենապակյա մատանի։

Բուքինգհեմյան պալատը նույնպես շնորհավորել է զույգին՝ նշելով, որ Չարլզ III թագավորը «շատ ուրախ է» նրանց համար։ Հարսանիքը նախատեսվում է հաջորդ գարնանը։

Բրիտանական թագավորական ընտանիքի ապագա հարսնացուն հայկական արմատներ ունի և իր ամբողջ ստեղծագործական գործունեության մեջ մշտապես անդրադառնում է հայկական ինքնությանը, հիշողությանը և մշակութային ժառանգությանը։

Էլեոնոր Էքսերջյանը բրիտանահայ աբստրակտ նկարչուհի է։ Նրա ստեղծագործությունների առանցքում հայկական սփյուռքի պատմությունն է, մշակութային հիշողությունն ու հայրենիքի որոնումը։ Նրա աշխատանքները պահվում են բազմաթիվ մասնավոր հավաքածուներում, այդ թվում՝ Լոնդոնի «Redfern Gallery»-ում։

Նա ծնվել և մեծացել է Մեծ Բրիտանիայում, Հայաստան առաջին անգամ այցելել է 2022 թվականին։ Այդ այցի ընթացքում նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Պատկերացվող լանդշաֆտներ» (Imagined Landscapes), որը պատմում է այն երկրի մասին, որը նա երկար տարիներ ճանաչել էր միայն ընտանեկան պատմություններից ու սեփական երևակայությունից։

2025 թվականին Էքսերջյանը կրկին վերադարձել է Հայաստան՝ շարունակելով նկարահանումները երկրի միջնադարյան վանական համալիրներում և Հյուսիսային Հայաստանի պատմական եկեղեցիներում։ Այդ ճամփորդությունից ծնված նկարաշարը ներկայացվել է Նյու Յորքում՝ «Երկիր և աղբյուր. տեղի հիշողություններ» ցուցահանդեսի շրջանակում։ Գրող Բեն Շեքսպիրը դրանք բնութագրել է որպես «մշակութային հիշողության և աքսորի մասին փայլուն խորհրդածություններ»։

Էլեոնոր Էքսերջյանի «Մենք ենք, մեր սարերը» նախագիծը, նույնպես ոգեշնչված է Հայաստանից։ Այն ներառում է նկարներ, ֆիլմ և ձայնային ինստալյացիա, որոնք միավորում են Հայաստանի և Մեծ Բրիտանիայի բնապատկերները՝ ուսումնասիրելով մշակութային հիշողության, ինքնության, ճարտարապետության և հայրենիքի գաղափարը։

Էլեոնոր Էքսերջյանի հայրը՝ Դեյվիդ Էքսերջյանը, Լեսթերի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր է, իսկ մայրը՝ Սյուզան Մուրը, արվեստի քննադատ և «The Financial Times»-ի հեղինակ։

 

172