Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 29-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում ընդունվել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունը կարգավորող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ: Այս մասին տեղեկացնում են հանձնաժողովից:

 

Փոփոխությունների փաթեթը նպատակ ունի կատարելագործել էլեկտրաէներգետիկական շուկայի կարգավորումները՝ հստակեցնելով բեռնաթափման համակարգային ծառայությունների մեխանիզմները, պարզեցնելով էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցության վարչարարությունը, բարելավելով մատակարարման պայմանագրերի և վճարային հարաբերությունների կարգավորումը:

 

Մասնավորապես՝

• վերանայվել է բեռնաթափման համակարգային ծառայության հաշվարկման մեխանիզմը՝ սահմանելով դրա հաշվարկման նոր մոտեցում գնման երաշխիք ունեցող վերականգնվող էներգիայի աղբյուրներով գործող էլեկտրակայանների համար,

• հստակեցվել են Համակարգի օպերատորի լիազորություններն ու ընթացակարգերը, այդ թվում՝ կարգադրությունների տրամադրման, փոփոխման և չեղարկման մասով,

• պարզեցվել են էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցության և շուկայի կառավարման ծրագրում (ՇԿԾ) գրանցման ընթացակարգերը՝ վերացնելով մի շարք վարչարարական պահանջներ և հստակեցնելով ներկայացվող փաստաթղթերի ցանկը,

• երկարացվել են մեծածավալ հայտերի ուսումնասիրման ժամկետները, եթե դրանք ներառում են 100-ից ավելի հաշվառման համալիր,

• մատակարարման պայմանագրերի լուծման համար սահմանվել է միասնական՝ 30-օրյա նախազգուշացման ժամկետ,

• հստակեցվել են էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման տարբեր կետերում գործունեության իրականացման կարգավորումները, ինչպես նաև մրցակցային շուկա սպառողների պարտադիր մուտքի ժամկետները,

• կատարելագործվել են վճարումների և ֆինանսական երաշխիքների հետ կապված կարգավորումները, ներառյալ երաշխիքների իրացման ընթացակարգերը,

 

Ընդունված փոփոխությունները միտված են բարձրացնելու էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության արդյունավետությունը, ապահովելու առավել հստակ և կանխատեսելի կարգավորումներ, նվազեցնելու վարչարարական բեռը և նպաստելու շուկայի բնականոն զարգացմանը։

 

Որոշումներն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի օգոստոսի 1-ից։

241