Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ավանդական սպորտն ու ժամանակակից թվային տեխնոլոգիաները համադրող «Ապագայի խաղեր»-ին մասնակից հայկական պատվիրակությունը տպավորված է խաղերի բացման արարողությամբ և բարձր մակարդակի կազմակերպվածությամբ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ, հայկական պատվիրակության ղեկավար Արթուր Սեդրակյանն ընդգծեց, որ ղազախական կողմը բարձր մակարդակով է անցկացնում «Ապագայի խաղեր»-ը:
««Ապագայի խաղեր»-ը մեծամասշտաբ ու գլոբալ միջոցառում է: Այստեղ այսօր միավորված են նորարարական տեխնոլոգիաներն ու սպորտը: Հյուրընկալող կողմը` Ղազախստանն անթերի է կազմակերպել այս խաղերը, քանի որ բոլորը գիտեն իրենց անելիքը՝ թե կազմկոմիտեն, թե կամավորները: Ես նույնիսկ կարող եմ այս խաղերի կազմակերպվածությունը համեմատել Օլիմպիական խաղերի մակարդակի հետ»,-ասաց Սեդրակյանը:
«Ապագայի խաղեր»-ը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ: Հայաստանը մասնակցել է նաև 2024 թվականին Կազանում կայացած խաղերին:
Այս խաղերին Հայաստանից մասնակցում է միայն Լալա Գևորգյանը (phygital dancing):
Առաջիկա օրերին «Ապագայի խաղերի» շրջանակում կանցկացվեն մրցումներ ինչպես դասական մարզաձևերում, այնպես էլ ֆիջիթալ ձևաչափում, որտեղ իրական սպորտն ու թվային տեխնոլոգիաները միավորվում են մեկ մրցակցային հարթակում։ Աստանայում կմրցեն ավելի քան 800 մարզիկ և կիբերսպորտային ներկայացուցիչ՝ ավելի քան 30 երկրից։