Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին Կառավարության որոշմամբ կտրամադրվի 500 հազար դրամի չափով միանվագ սոցիալական աջակցություն:

 

Միջոցառման շրջանակում շահառու է համարվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած անձը, որը չունի հաշմանդամության խումբ կամ ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ՝ տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ:

 

«Վիրավորում ստացած զինծառայողների շարքում ներառվում են բոլոր անձինք, ոչ միայն ժամկետային զինծառայողները, այլև կամավորները, աշխարհազորայինները: Այսինքն՝ բոլոր անձինք, ովքեր ստացել են վիրավորում և որոշ ժամանակով անցել են բուժական գործընթաց, այդ անձնաց համար առկա բազային հիմքի վրա առաջարկվում է իրականացնել հետևյալ միջոցառումը: Թեև որոշ անձանց մոտ վիրավորումները թեթև են եղել, անցել են բուժման փոքր ժամանակ, բայց այդ անձինք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության որոշակի խնդիր են ունեցել: Սրանով փորձում ենք նաև կորցրած ժամանակի սոցիալական խնդիրները կարգավորել»,- նշեց Առաքելյանը:

 

Նախարարի խոսքով՝ միջոցառման շահառու կհանդիսանա շուրջ 6000 քաղաքացի՝ բացառությամբ հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցողների, որոնց թիվը չի գերազանցում 1000-ը: Այս պահին 200-ից ավելի քաղաքացի անցել է բժշկասոցիալական փորձաքննություն ու ստացել հաշմանդամության կարգ: Ամպուտացված անձանց թիվը չի գերազանցում 120-ը:

 

Գումարը կտրամադրվի առավելագույնը 10 օրվա ընթացքում: Փաստաթղթերի անհրաժեշտություն չկա: Միայն անհրաժեշտ է լինելու անձնական տվյալներով ու բանկի հաշվեհամարով դիմել, և էլեկտրոնային եղանակով նույն պահին նույնականացվելու և հաստատվելու է շահառու հանդիսանալը:

1843