Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան փողոցում թիթեղների տակ նորածին երեխային հայտնաբերած քաղաքացին՝ Նարեկ Պետրոսյանը, լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասներ է հայտնել։

«Ժամը երեկոյան 8:40 եմ երեխային գտել։ Մեր բնակիչներից մարդ կար, մոտեցավ, ասեց՝ ձեն ա գալիս, ոնց որ շուն է կամ երեխայի ձայն է գալիս։ Ասի՝ գնանք, նայենք։ Հենց տեղում անմիջապես զգացի, որ ձեն ա գալիս, մի պահ ուզում էի ոտքով խփեի, թու-թու-թու չխփեցի, կռացա, ադյալը բացեցի, տեսնեմ երեխա է։ Գրկել եմ անմիջապես ու զանգել եմ շտապօգնություն, որը 5 րոպեում եկել է, եկել է նաև ոստիկանությունը»,- պատմել է Նարեկը։

Նա հիվանդանոց է գնացել երեխային տեսակցելու. «Մարդ, որ իր կյանքում երեխա է գտնում, դա ոնց որ բախտի բան է։ Ես իմ սեփական երեխան ունեմ, իրենով ապրում եմ, բայց այս երեխային ես մինչև կյանքիս վերջ տիրություն եմ անելու։ Հուսով եմ՝ իր որոշած անունը չեն մերժի։ Հիմա սոցիալական ցանցում բոլորը գրում են՝ էդ երեխային տվեք ինձ պահեմ, գիտեն, թե երեխան խաղալիք է, պետք է տան մեկին պահի։ Բայց չգիտեն, որ երեխան հաստատ գնալու է մանկատուն այստեղից հետո, հետագան ցույց կտա, թե ինչ ընտանիքում կմեծանա։ Այն, որ սադիստ մորը ձեռը չի ընկնի, դա հաստատ է։ Ես մորը չեմ ճանաչում»։

Նա նկատել է, որ երեխային այնպիսի տեղ էին դրել, որտեղ երեխաները խաղում են, բնակչություն է լինում, այսինքն՝ այնպես է դրված եղել, որ գտնվի. «Երեխան խնամված չէր։ Ոնց որ բժիշկն է ասում, ես էլ եմ ասում, որ այդ երեխան իրոք ծնված է եղել երեկ, որից արյան հոտը գալիս էր»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել էր բժշկական կենտրոն։ Նա եղել էր թիթեղների տակ։

ԱՆ-ից հայտնել են, որ նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա CPAP-սարքի միջոցով է շնչում։ Առողջական վիճակը բավարար է։

156