94 տարեկան հասակում վախճանվել է հայկական սպորտի մեծ երախտավոր Մնացական Հովհաննիսյանը: Նա 1926 թ. նոյեմբերի 29-ին ծնվել է Երևանում, ծառայողի ընտանիքում: Մանկական տարիքում զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ:

1950թ. ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1952 -1953թթ կատարելագործվել է Լենինգրադի Պյոտր Ֆարանցևիչի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի կատարելագործման ֆակուլտետում: Աշխատել է սպորտի երեք մարզաձևերում և երեքում էլ ունեցել է գերազանց արդյունքներ:

Սպորտային մարմնամարզության ասպարեզում պատրաստել է բարձրակարգ մարզիկներ, որոնք Հայաստանի ընտրանու կազմում, ԽՍՀՄ առաջնությունում գրավել են մրցանակային տեղերը, որի համար նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր մարզիչի կոչում: Մրցավարական ասպարեզում իր գործունեության համար ստացել է համամիութենական կարգի մրցավարի կոչում:

Սակայն անգնահատելի է Հովհաննիսյանի ավանդը հատկապես հայկական գեղասահքի դպրոցի հիմնադրման (1972թ.) ու զարգացման գործում: Նա 10 տարի ղեկավարել է Երևանում իր հիմնադրած այդ դպրոցը: Նրա օրոք հայ գեղասահորդները գրանցել են ամենաբարձր ցուցանիշները, իսկ Հունգարիյաի ֆեդերացիայի այօրվա գլխավոր տնօրեն Գուրգեն Վարդանյանը նվաճել է ԽՍՀՄ գավաթը: Հետագայում դարձավ պատանիների ԽՍՀՄ գավաթակիր, ապա նաև մեծահասակների ԽՍՀՄ գավաթակիր:

Այնուհետև Հովհաննիսյանը աշխատել է Երևանի հեծանվային մարզաձևի հանրապետական կենտրոնում, որտեղ այդ մարզաձևի պատմության մեջ պատրաստեց աշխարհի 2 չեմպիոններ՝ Մեսրոպ Շաբոյանը խճուղային մրցավազքի մրցումներում, իսկ Օլեգ Կլևցովը` հեծանվահրապարակում, որոնց ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը տրվել է իր կողմից:

Աշխատանքային գործունեության ընթացքում հարգարժան ու ճանաչված մասնագետն իր կատարած աշխատանքների համար 16 տարբեր կազմակերպությունների կողմից ստացել է 45 պատվոգրեր և 2 տարբեր մարզադպրոցների մանկավարժական խորհրդների շնորհակալագրեր: Հովհաննիսյանը երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար նաև ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության կողմից 2 անգամ մեդալի է արժանացել:

Ցավակցում ենք Մնացական Հովհաննիսյանի ընտանիքին ու հարզատներին, անդառնալի կորստի համար: Հանգչիր խաղաղությամբ:

Գեղասաքի ՀՀ ֆեդերացիա

Սպորտային մարմնամարզություն ՀՀ ֆեդերացիա

Հեծանվային սպորտի ՀՀ ֆեդերացիա:

27 Հունվար, 2021 16:09
396
; ;