Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Associated Press-ի հաղորդմամբ, կիրակի օրը «Մոկե» արևադարձային փոթորիկը անցել է Հավայան կղզիների մոտով՝ Հավայ կղզու վրա տեղալով հորդառատ անձրևներ, որոնք կարող են առաջացնել վտանգավոր ջրհեղեղներ և սողանքներ։
Դա տեղի է ունեցել «Լալա» փոթորկից ընդամենը մեկ շաբաթ անց, որը զգալի վնաս էր հասցրել արշիպելագի ենթակառուցվածքներին։
ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնի տվյալներով, կիրակի առավոտյան «Մոկե»-ի կենտրոնը գտնվում էր Հիլո քաղաքից մոտ 500 կմ հարավ։ Քամու կայուն արագությունը հասնում էր 75 կմ/ժ-ի։ Այժմ հիմնական վտանգը ոչ թե քամին է, այլ տեղումների մեծ քանակը, հատկապես այն տարածքներում, որոնք արդեն տուժել են նախորդ փոթորկից։
Հավայ կղզում սպասվում է մինչև 250 մմ անձրև, իսկ առանձին շրջաններում՝ մինչև 380 մմ։ Մաուի կղզու արևելքում կարող է տեղալ մինչև 150 մմ տեղումներ։ Մյուս կղզիներում կանխատեսվում է մինչև 25–50 մմ։
Ամենաուժեղ անձրևները սպասվում են Հավայ կղզու արևելյան և հարավ-արևելյան լանջերին։ Չափազանց խոնավացած հողի և «Լալա»-ից հետո վնասված ենթակառուցվածքների պատճառով հորդառատ տեղումները կարող են հանգեցնել հանկարծակի ջրհեղեղների և նոր սողանքների։
Նախորդ փոթորկի ժամանակ կղզու հյուսիս-արևելյան ափին տեղացել էր ռեկորդային քանակի տեղումներ՝ 1,1 մետր։ «Լալա»-ի հետևանքով տապալվել էին ծառեր և էլեկտրահաղորդման գծեր, վնասվել էին ճանապարհներն ու կամուրջները։ Զոհվել էր երկու մարդ։ Կիրակի օրվա դրությամբ Հավայան կղզիներում ավելի քան 6700 սպառող, որոնց մեծ մասը՝ համանուն կղզում, շարունակում էին մնալ առանց էլեկտրականության։
Ափամերձ տարածքների համար սպառնալիքի վերաբերյալ նախազգուշացումներ առայժմ չեն հայտարարվել։ Սակայն Հավայան կղզիների նահանգապետ Ջոշ Գրինը բնակիչներին կոչ է արել նախապես պաշարել սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր ու ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը։