Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներն են՝

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության ամրապնդում և հետագա ինստիտուցիոնալացում, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանում և հետագա զարգացում՝ տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և/կամ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գործող գործընկերությունների խորացման ճանապարհով։

Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և TRIPP նախագծի հիման վրա։

Ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական և հանրային կառավարման բարեփոխումների խորացում, որը կչափվի միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանի Հանրապետության առաջընթացով։

Ամբողջ բնակչության ներառում առողջության ապահովագրության համակարգում։

ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացում։

Տարեկան միջինում 6% տնտեսական աճ։

125000 նոր աշխատատեղերի ստեղծում (2018 թվականից ստեղծվել է ավելի քան 300000 աշխատատեղ)։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալի առնվազն 3-անգամյա ավելացում։

Հայաստանյան ծագման ապրանքների արտահանման ծավալի առնվազն կրկնապատկում։

Արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50% աճ՝ ընթացիկ գներով 2025 թվականի 3,3 տրիլիոն դրամից հասցնելով մինչև 5 տրիլիոն դրամի։

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի առնվազն 50% ավելացում, հացահատիկի արտադրության կրկնապատկում։

10 ջրամբարի կառուցման մեկնարկ՝ 2033 թվականին ավարտելու նպատակադրմամբ։

350 կմ ջրանցքների և խողովակաշարերի կառուցում և վերակառուցում։

Ոռոգման ապահովում 10000 հա նոր հողերի համար։

24-ժամյա ջրամատակարարում՝ առնվազն Երևանում, Գյումրիում և Վանաձորում։

Նոր 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 արտադպրոցական հաստատության, 100 մանկապարտեզի և 100 համակցված խաղահրապարակի, ներառյալ համայնքային լողավազանների, կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում և ամբողջական գույքով հագեցում ու գործարկում։

2500 կմ ավտոճանապարհի և 40 կամրջի կառուցում և/կամ նորոգում։

Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի, ինչպես նաև 3600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցում։

Առաջատար դասի արհեստական բանականության հաշվարկային առնվազն 100,000 GPU-ի համարժեքի կամ 1 միլիոն բնակչի հաշվով առնվազն 35,000 GPU-ի համարժեքի ձևավորում, այդ հզորությունների առնվազն 10%-ի համարժեք հաշվարկային ռեսուրսի հասանելիության ապահովում ՀՀ գիտահետազոտական, կրթական, ստարտափային, արդյունաբերական և հանրային հատվածների համար։

Հայաստանի տիեզերական կարողությունների զարգացում՝ Երկրի դիտարկման առնվազն 2 և հեռահաղորդակցման 1 արբանյակի ձեռքբերման և շահագործման, ազգային վերգետնյա ենթակառուցվածքի զարգացման, արբանյակների կառավարման և տվյալների մշակման ազգային կարողությունների ձևավորման, ինչպես նաև պետական, գիտական և մասնավոր հատվածների համար արբանյակային տվյալների և կապի ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։

1000 մեգավատ ֆոտովոլտային և 800 մեգավատ կուտակիչ էլեկտրակայանների գործարկում։

Աղքատության կրճատում 5 տոկոսային կետով։

Պետական և համայնքային հիմնական ծառայությունների թվայնացում։

Ապօրինի, այդ թվում՝ կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների վերադարձի գործընթացի շարունակականություն, որը ներառելու է ապօրինի սեփականաշնորհված և վարձակալության վերցրած անտառների, լողափերի, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև կրթական հաստատությունների և այլ հանրային տարածքների վերադարձ համայնքներին ու պետությանը, վերականգնված միջոցների միասնական հաշվեհամարի շարունակական համալրում, ապօրինի ծագում ունեցող անշարժ ու շարժական գույքի վերադարձ հանրությանը՝ շուրջ 2 միլիարդ դոլարին համարժեք ծավալով։

158