Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սիսիան համայնքի Գորայք բնակավայրում տեղի է ունեցել գյուղատնտեսական կցորդիչների և ռոտորային սերմազատիչների տրամադրման արարողություն, որին մասնակցել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արա Նահապետյանը։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
Միջոցառումն անցկացվել է Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացման, դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնմանն ուղղված դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է նպաստել հողերի վերականգնմանը և կայուն կառավարմանը, բարձրացնել գյուղատնտեսական արտադրողականությունը և ամրապնդել գյուղական բնակչության ապրուստի միջոցները։
Այն ֆինանսավորում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը և իրականացնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՄԱԿ ՊԳԿ)՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հետ համատեղ։
Ծրագրի տարբեր փուլերում Սիսիան համայնքի բնակավայրերի շահառուներին տրամադրվել է նյութատեխնիկական և մասնագիտական աջակցություն՝ դեգրադացված հողերի վերականգնման, գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացման և տնտեսությունների արտադրական հնարավորությունների ընդլայնման նպատակով։
Միջոցառման ընթացքում շահառուներին տրամադրված կցորդիչները նախատեսված են գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, աշխատուժն ու ժամանակը խնայելու, ինչպես նաև խոտհարքներն ու գյուղատնտեսական այլ տարածքներն առավել արդյունավետ օգտագործելու համար։
Ծրագրի նախորդ փուլում Սիսիան համայնքի Գորայք, Ծղուկ, Սառնակունք և Սպանդարյան բնակավայրերում իրականացվել են դեգրադացված վարելահողերի և արոտավայրերի բարելավման աշխատանքներ։ Շահառուներին տրամադրվել են նաև սածիլներ, սերմեր, գյուղատնտեսական սարքավորումներ և այլ աջակցություն։
Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև հողային ռեսուրսների մոնիթորինգի և կարողությունների զարգացման, գյուղատնտեսական արժեշղթաների ընդլայնման և հողերի կայուն կառավարման նոր միջոցառումներ։
Գորայքում անցկացված միջոցառման ընթացքում Արա Նահապետյանը ծանոթացել է շահառուների հետ իրականացվող աշխատանքներին և տրամադրվող տեխնիկայի կիրառման հնարավորություններին՝ ընդգծելով գյուղատնտեսական տնտեսությունների տեխնիկական կարողությունների ընդլայնման կարևորությունը։
