Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չեխիայի նախագահ Պետր Պավելը ուրախությամբ է արձանագրում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորում են՝ շեշտելով, որ այդ գործընթացը սկսվել է Պրահայում 2022 թվականին և իր շարունակությունն ունեցել 2026թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։

Չեխիայի նախագահն այդ մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ նախագահական նստավայրում հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում։ Նա նկատի ունի Պրահայում 2022թ․ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում կայացած քառակողմ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: 

«Մենք լավ լուր ունենք առ այն, որ Հարավային Կովկասում, որը երկար ժամանակ հակամարտության գոտի էր,  իրավիճակը հանդարտվել է, և Հայաստանի ու Ադրբեջւանի հարաբերությունները կարգավորվում են։ Այդ ճանապարհը սկսվել է Պրահայում 2022 թվականին և ավարտվել է անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, երբ հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը նոր շունչ են ստացել»,- ասել է Պետր Պավելը։

Նա անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Թուրքիայի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունները կամրապնդվեն, ինչով շահագրգռված են նաև Չեխիան ու Եվրամիությունը։

 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Չեխիայի նախագահ Պետր Պավելի հանդիպումը կայացել է սեպտեմբերի 3-ին նախագահական նստավայրում` Պրահայի ամրոցում. առանձնազրույցին հաջորդել են պատվիրակությունների ընդլայնված կազմով քննարկումները։

Նախագահների մամուլի ասուլիսին հաջորդել է Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ Վալդշտեյն պալատում։ Հանդիպմանը մասնակցել են նաև Սենատի փոխնախագահները, Արտաքին կապերի, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ԵՄ հարցերով հանձնաժողովների նախագահները։

Ապա քննարկումները կշարունակվեն նաև Պատգամավորների պալատում. ՀՀ նախագահին կողջունի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան։

Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեղի կունենա «Համերաշխություն. ի նշանավորումն 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերած Չեխիայի աջակցության» խորագրով միջոցառումը։

Պրահայի ամրոցի «Ռոթմայեր» սրահում պլանավորված միջոցառման շրջանակներում նախատեսված է հանդիպում 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում փրկարարական առաքելություն իրականացրած հրշեջների և մարդասիրական դրամահավաքի կազմակերպիչների հետ։

 

129