Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի պաշտոնական դեսպան։

Սամուել Սանչեսը 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի խճուղային հեծանվավազքի չեմպիոն է։ Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա հաջողություններ է գրանցել նաև աշխարհի հեղինակավոր հեծանվային մրցաշարերում՝ այդ թվում «Tour de France»-ում և «Vuelta a España»-ում։

Իսպանացի հեծանվորդի մասնակցությամբ սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia»-ն, որն ընդգրկված է Հեծանվային սպորտի միջազգային միության (UCI) միջազգային օրացույցում՝ որպես 2.2 դասի մրցաշար։ Մրցաշարը բաղկացած է 4 մրցափուլից՝ ընդհանուր 587 կմ երկարությամբ և 5,300 մետր վերելքով։ Հեծանվորդները կմրցեն Հայաստանի տարբեր մարզերում, իսկ եզրափակիչ փուլը սեպտեմբերի 13-ին կանցկացվի Երևանում։ Մրցուղիներն են՝ Գավառ-Մեծ Մասրիկ, Կիրանց-Ստեփանավան, Մարտունի-Դիլիջան/Պարզ լիճ և Երևան։

«Tour of Armenia»-ի խորհրդանիշն է եղնիկը, որը մարմնավորում է հեծանվասպորտին բնորոշ արագությունը, ուժը, դիմացկունությունն ու բարդ ճանապարհներին արագ կողմնորոշվելու կարողությունը։ Մրցաշարին նախատեսվում է 16 պրոֆեսիոնալ թիմերի մասնակցություն՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։ Հայաստան կժամանեն մարզիկներ Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Ղազախստանից, Ճապոնիայից, Չինաստանից, Թայլանդից և այլ երկրներից։ Մասնակիցների թվում կլինի նաև Հայաստանը ներկայացնող թիմը։

Ընդհանուր առմամբ սպասվում է ավելի քան 300 պատվիրակի՝ մարզիկների, թիմերի ներկայացուցիչների, մրցավարների և միջազգային մասնագետների ժամանում։ «Tour of Armenia 2026»-ը կունենա նաև միջազգային լայն լուսաբանում։

Մրցաշարի վերաբերյալ հեռարձակումներ և անդրադարձեր են նախատեսվում Eurosport-ում, CNN-ում, Sky Sport-ում, Sportitalia-ում, L'Équipe-ում և միջազգային այլ հարթակներում՝ հնարավորություն տալով համաշխարհային լսարանին մրցաշարին զուգահեռ բացահայտելու Հայաստանի բնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու զբոսաշրջային ներուժը։

 

114