Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ակնհայտ է՝ տեղի են ունենում գործընթացներ, որոնք աստիճանաբար խարխլում են 1990-ականներից հետո ձևավորված միջազգային կարգը՝ տանելով դեպի նոր աշխարհակարգի ձևավորում։ Տեղի են ունենում հիմնարար փոփոխություններ, որոնք գլոբալ համակարգը դարձնում են ավելի բարդ, մրցակցային և մասնատված։

Այս մասնատվածությունը կարելի է դիտարկել առնվազն երեք հիմնական վեկտորով։

Առաջին վեկտորը ուժի բաշխման փոփոխությունն ու ուժային կենտրոնների թվի ավելացումն է։ Սառը պատերազմի ավարտից հետո ձևավորված միաբևեռ համակարգը աստիճանաբար սկսեց վերափոխվել։ Մեծացավ Չինաստանի և Հնդկաստանի կշիռը, Ռուսաստանը վերականգնեց իր ազդեցությունը մի շարք ռազմավարական ուղղություններում։ Միաժամանակ Եվրամիությունը ձևավորվեց որպես նշանակալի տնտեսական և քաղաքական կենտրոն, իսկ մի շարք միջին տերություններ սկսեցին ավելի ակտիվորեն առաջ մղել սեփական շահերն ու արտաքին քաղաքական օրակարգերը։

Արդյունքում միջազգային համակարգում ուժն ավելի քիչ է կենտրոնանում մեկ պետության շուրջ, իսկ տարբեր ուժային կենտրոնների միջև հարաբերությունները դառնում են ավելի բազմաշերտ։ 

Երկրորդ վեկտորը աշխարհայացքների և գաղափարական պատկերացումների մասնատումն է։ 1990-ականներից հետո միջազգային քաղաքականության գերիշխող պատկերացումներից մեկը հիմնված էր գլոբալացման խորացման, ազատ առևտրի, լիբերալ ինստիտուտների և արևմտյան քաղաքական-տնտեսական մոդելի տարածման վրա։ Սակայն վերջին տարիներին այս մոտեցման նկատմամբ վստահությունը թուլացել է։ Այլընտրանքային աշխարհայացքները, որոնք միշտ էլ գոյություն են ունեցել, սակայն երկար ժամանակ գտնվել են համեմատաբար մարգինալ դիրքում, այսօր ձեռք են բերում ավելի մեծ նշանակություն և ավելի ակտիվորեն կիրառվում քաղաքական համատեքստում։

Տարբեր պետություններ և տարածաշրջանային ուժային կենտրոններ ձգտում են ոչ միայն պաշտպանել իրենց քաղաքական և տնտեսական ինքնուրույնությունը, այլև առաջ մղել միջազգային կարգի վերաբերյալ սեփական պատկերացումները։ Արդյունքում մրցակցությունը տեղի է ունենում ոչ միայն նյութական ռեսուրսների և ազդեցության համար, այլև այն հարցի շուրջ, թե ինչպիսի՞ն պետք է լինի միջազգային համակարգը և ի՞նչ սկզբունքներով պետք է այն գործի։

Երրորդ վեկտորը ուժի կիրառման և դրա դրսևորման հարթությունների ընդլայնումն է։ Ենթադրություն կար, որ 1990-ականներին ուժի ավանդական՝ ռազմական և տնտեսական «կոշտ ուժի» դրսևորումները աստիճանաբար կնվազեն։ Այս ենթադրությունը չհաստատվեց։ Ոչ միայն ուժի կիրառման ավանդական միջոցները վերադարձան միջազգային քաղաքականության կենտրոն, այլև աշխարհաքաղաքական մրցակցության մեջ էական դեր սկսեցին խաղալ այլ հարթություններ՝ մասնավորապես տնտեսական, ֆինանսական, տեխնոլոգիական, տեղեկատվական և էներգետիկ ցանցերի նկատմամբ վերահսկողությունը։

Այս համատեքստում կենտրոնական նշանակություն է ստանում «փոխկախվածության զենքայնացան» (weaponized interdependence) համեմատաբար նոր հայեցակարգը, որը Հենրի Ֆարելը և Աբրահամ Նյումանը ներկայացրել են 2019 թվականին հրապարակված «Փոխկախվածության զենքայնացում․ ինչպես են գլոբալ տնտեսական ցանցերը ձևավորում պետական հարկադրանքը» հոդվածում։

Հեղինակները հարցականի տակ են դնում այն ավելի վաղ գերիշխող լիբերալ պատկերացումը, համաձայն որի՝ համաշխարհային առևտրի և փոխկապակցվածության խորացումը հիմնականում խթանում է խաղաղությունն ու համագործակցությունը։ Նրանց փաստարկի համաձայն՝ գլոբալացումը ոչ միայն խորացնում է պետությունների միջև կապերը, այլև այդ կապերը կառուցում է հաճախ ասիմետրիկ ձևով՝ ստեղծելով կոնտրոններ։

Բազմաթիվ ցանցեր զարգանում են ասիմետրիկ կերպով, ինչի հետևանքով որոշ հանգույցներ զգալիորեն ավելի ուժեղ են, քան մյուսները։ Այս մոդելը բավական լավ է նկարագրում մի շարք առանցքային գլոբալ տնտեսական ցանցեր, որոնց կենտրոնում են գերտերությունները։

Այդպիսի ցանցերը կարելի է պատկերացնել «հանգույց-ճառագայթային» (hub-and-spoke) կառուցվածքի տեսքով, որտեղ որոշ հանգույցներ գործառութային առումով ավելի կարևոր են, քան մյուսները։ Դրանց շուրջ են կենտրոնանում ֆինանսական հոսքերը, տեղեկատվությունը, տեխնոլոգիաները, ապրանքների մատակարարումները և այլ փոխկապակցված գործընթացներ։

Այս պայմաններում առանցքային հանգույցների նկատմամբ վերահսկողություն կամ արդյունավետ իրավազորություն ունեցող պետությունները կարող են ստանալ լրացուցիչ քաղաքական ազդեցության հնարավորություն մնացածի վրա։ Սակայն դրա համար միայն տնտեսական հզորությունը բավարար չէ։ Ըստ հեղինակների՝  անհրաժեշտ են նաև համապատասխան ներքին ինստիտուտներ և նորմեր, որոնք հնարավորություն են տալիս այդ կառուցվածքային առավելություններն օգտագործել հարկադրանքի նպատակներով։

Այստեղ առանցքային է ոչ միայն որքան հզոր է պետությունը, այլև որտեղ է այն գտնվում գլոբալ ցանցերի կառուցվածքում։

Հեղինակները առանձնացնում են այդպիսի ուժի կիրառման երկու հիմնական մեխանիզմ։ Առաջինը «պանօպտիկոնի էֆեկտն» է (panopticon effect), որի դեպքում առանցքային հանգույցի նկատմամբ վերահսկողությունը հնարավորություն է տալիս առավելություն ստանալ տեղեկատվության հասանելիության միջոցով։ Երկրորդը «խոցելիության կետի էֆեկտն» է (chokepoint effect), երբ առանցքային հանգույցի նկատմամբ վերահսկողությունը կարող է հնարավորություն տալ սահմանափակելու կամ դադարեցնելու այլ դերակատարների հասանելիությունը տվյալ ցանցին՝ նրանց համար ստեղծելով զգալի տնտեսական կամ քաղաքական ծախսեր։

Այսպիսով, փոխկախվածությունը ինքնին չի նշանակում հավասարություն։ Եթե մի պետություն կամ դերակատար մյուսներից զգալիորեն ավելի մեծ չափով վերահսկում է այն ենթակառուցվածքը, ապա այդ փոխկախվածությունը կարող է վերածվել ազդեցության լծակի։

Հենց այստեղ էլ ձևավորվում է «զենքայնացված փոխկախվածության» գաղափարը․ ասիմետրիկ ցանցային կառուցվածքները ստեղծում են հնարավորություն, որի պայմաններում որոշ պետություններ կարող են օգտագործել փոխկախված հարաբերությունները՝ այլ պետությունների նկատմամբ հարկադրանք գործադրելու նպատակով։

Կարևոր է շեշտել, որ բազմաթիվ գլոբալ ցանցեր սկզբնապես չեն ստեղծվել քաղաքական ճնշման նպատակով։ Դրանց կենտրոնացվածությունը հաճախ պայմանավորված է տնտեսական արդյունավետությամբ, ծախսերի նվազեցմամբ և ցանցային առավելություններով։ Սակայն հենց դրա հիման վրա էլ ստեղծել է խոցելիությունը։ Այն ենթակառուցվածքը, որը ստեղծվել էր գործարքները հեշտացնելու և փոխադարձ կախվածությունը խորացնելու համար, որոշակի պայմաններում կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով շահագործելու համար։

Այդ փոխկապակցվածությունը հաճախ կառուցված է անհավասար ցանցերի միջոցով։ Որոշ պետություններ և դերակատարներ վերահսկում են այդ ցանցերի կենտրոնական հանգույցները, մինչդեռ մյուսները կախված են դրանց հասանելիությունից։ Այն կարող են օգտագործվել աշխարհաքաղաքական նպատակներով՝ պատժամիջոցներ կիրառելու, կարևորագույն ռեսուրսների կամ շուկաների հասանելիությունը սահմանափակելու և այլ պետությունների քաղաքական վարքագծի վրա ազդելու համար։

 

156