Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առավել բարեկեցիկ և ժամանակակից պայմաններ՝ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների կեցության համար․ շահագործման է հանձնվել կացարանային նոր մասնաշենքը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
.jpg)
Սեպտեմբերի 8-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է մասնաշենքի բացման արարողությանը։ Ներկա են եղել ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, նախարարության և կրթահամալիրի ներկայացուցիչներ։
Նախարարը շրջել է նոր մասնաշենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ուսանողների համար ստեղծված կեցության պայմաններին։
.jpg)
Կացարանային այս մասնաշենքը կահավորված և հագեցած է ուսանողների առօրյան լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ գույքով ու հարմարություններով։ Բացի հարմարավետ սենյակներից՝ ստեղծվել են ընդհանուր օգտագործման և կենցաղային նշանակության տարածքներ, որոնք հնարավորություն կտան պատշաճ կազմակերպելու ուսանողների կեցությունը, ուսումնառությունն ու հանգիստը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ նոր մասնաշենքի գործարկումը կարևոր քայլ է կրթության գործընթացի շարունակական բարելավման ուղղությամբ։
Նախարարը նշել է, որ ուսանողների մշտական ներկայությունը կրթահամալիրում հնարավորություն կտա առավել լիարժեք ներգրավելու ուսումնառության գործընթացում, ձևավորելու սոցիալական կապեր և սերտ հաղորդակցություն հաստատելու մյուս սովորողների՝ իրենց ապագա գործընկերների հետ։ Համատեղ ուսումնառությունն ու կեցությունը, Արփինե Սարգսյանի խոսքով, կնպաստեն նաև ծառայողական միջավայրին առավել հեշտ հարմարվելուն, արդյունավետ փոխգործակցությանը և թիմային աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունների ձևավորմանը։
.jpg)
Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ կրթահամալիրի զարգացմանն ուղղված ներդրումների առանցքային նպատակը ՆԳ նախարարության համակարգի՝ մասնագիտական կադրերի պահանջարկի ապահովումն է։ Ըստ նախարարի՝ կրթահամալիրի շրջանավարտները պետք է իրենց մասնագիտական գործունեությունը շարունակեն ՆԳՆ համակարգում՝ համալրելով առկա թափուր հաստիքները և ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելով համակարգի կարիքներին։
Կրթական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ակտիվորեն շարունակվում են նաև ՆԳՆ կրթահամալիրի այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։ Արփինե Սարգսյանը տեղում ծանոթացել է նաև դրանց ընթացքին և առաջիկա անելիքներին։
.jpg)
ՆԳ նախարարը հետևել է նաև ապագա պարեկների՝ մեքենավարման և մասնագիտական այլ հմտությունների կատարելագործմանն ուղղված գործնական պարապմունքներին, ծանոթացել ուսուցման ընթացքին։
Արփինե Սարգսյանը կարևորել է գործնական պատրաստության շարունակական կատարելագործումը՝ ընդգծելով դրա նշանակությունը մասնագիտական գիտելիքների ամրապնդման և ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարման տեսանկյունից։
Ապագա պարեկները նախարարին ներկայացրել են նաև իրենց դիտարկումներն ու կարծիքները ուսուցման որակի, կիրառվող մեթոդների և կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների վերաբերյալ։