Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Երկիր մոլորակի համար վաղը կսկսվի աստղագիտական աշունը»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով ժամը 04։05-ին, Արեգակը կհատի երկնային հասարակածը՝ երկնքի հյուսիսային կիսագնդից անցնելով հարավային։ Այդ պահը Հյուսիսային կիսագնդում կնշանավորի աստղագիտական աշնան, իսկ Հարավայինում՝ գարնան սկիզբը։
«Գիշերահավասար» անվանումն ինքնին կարող է մոլորեցնող լինել, քանի որ այն լիովին ճշգրիտ չի նկարագրում երևույթը։ Մթնոլորտը բեկում է արևի լույսը(ռեֆրակցիա), ինչի հետևանքով Արևը մի փոքր տեսանելի է դառնում մինչև իր իրական ծագելը և մի փոքր՝ մայր մտնելուց հետո։ Սա ցերեկը փոքր ինչ ավելի երկար է դարձնում, քան գիշերը։ Գիշերահավասարի օրը ցերեկային լույսի տևողությունը հասարակածում մոտավորապես 12 ժամ 6 րոպե է, 30° լայնության դեպքում՝ մոտավորապես 12 ժամ 8 րոպե, իսկ 60° լայնության դեպքում՝ մոտավորապես 12 ժամ 16 րոպե։
Աշունը Հյուսիսային կիսագնդում կտևի մինչև դեկտեմբերի 22՝ ձմեռային արևադարձ, որը համարվում է տարվա ամենակարճ ցերեկը: Դրանից հետո օրերը աստիճանաբար կսկսեն երկարել, և հաջորդ գիշերահավասարով կնշանավորի գարնան գալուստը՝ 2027 թվականի մարտի 21-ին:
Հետաքրքիր է, որ Հյուսիսային կիսագնդում աշունն ու ձմեռը միասին մոտ մեկ շաբաթով ավելի կարճ են, քան Հարավային կիսագնդում։ Գարնանային գիշերահավասարից մինչև աշնանային գիշերահավասարն ընկած ժամանակահատվածը կազմում է մոտ 186 օր, իսկ աշնանայինից մինչև գարնանայինը՝ մոտ 179 օր։ Պատճառն այն է, որ Հյուսիսային կիսագնդի ձմռան ընթացքում Երկիրն Արեգակի շուրջ իր ուղեծրով շարժվում է ավելի արագ, քան Հարավային կիսագնդի ձմռան ընթացքում։
Դեռ հնուց մարդիկ ուշադիր հետևել են այս օրվա եղանակին։ Համարվել է, որ բնությունը հուշում է՝ ինչպիսին կլինի մոտակա ձմեռը և հաջորդ տարվա բերքը։ Աշնանային գիշերահավասարի հետ կապված որոշ ժողովրդական նշաններ պահպանվել են մինչև մեր օրերը։
Ըստ ժողովրդական նշանների՝
- Տաք և անամպ եղանակը խոստանում է ուշ սկսվող ու մեղմ ձմեռ՝ առանց ուժեղ սառնամանիքների։
- Եթե այդ օրը անձրև է տեղում, աշունը կլինի խոնավ ու երկարատև, իսկ ձմեռը՝ ձյունառատ։
- Գետնին թափված տերևների առատությունը ցուրտ ձմռան նշան է։
- Եթե տերևները դեռ մնում են ճյուղերին, ձմեռը շուտ չի գա։
- Բարձր թռչող թռչունները տաք աշուն են հուշում, իսկ գետնին մոտ թռչողները՝ մոտալուտ ցրտահարություններ։
- Գիշերահավասարի օրը որոտը հազվադեպ նշան է․ համարվել է, որ այն տաք ու երկար աշուն է կանխագուշակում։
- Այդ օրվա հարավային քամին խոստանում է ձմռանը առատ ձնածածկույթ, իսկ հյուսիսայինը՝ սաստիկ սառնամանիքներ։
- Եթե առավոտյան մառախուղն արագ բարձրանում և մինչև կեսօր ցրվում է, հոկտեմբերը կլինի պարզ ու չոր։
- Կեչու վաղաժամ տերևաթափը վաղ ձմռան նշան է, իսկ եթե կեչին տերևները կորցնում է կաղնուց ուշ, ձմեռը մեղմ կլինի։
- Կաղնու և արոսենու պտուղների առատ բերքը համարվում է խիստ ու երկարատև ձմռան նշան։
- Եթե մրջյունները փակում են մրջնանոցների մուտքերը և ձվերը տեղափոխում ավելի խոր, սպասվում են վաղ ցրտեր»,- ասվում է գրառման մեջ։