Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ջրային կոմիտեն Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրում մեկնարկել է խմելու նոր ջրագծի կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:
Ծրագրի շրջանակում «Մուխուրթարյան-Հացավան» ջրատարից մինչև Բռնակոթի գործող օրվա կարգավորման ջրամբար (ՕԿՋ) կկառուցվի շուրջ 4.3 կմ երկարությամբ խողովակաշար։ Ջուրը ՕԿՋ կհասցվի ինքնահոս եղանակով՝ 8 լ/վ ջրաքանակով։
Նոր ջրագծի կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է Բռնակոթի գործող ջրամատակարարման համակարգի տեխնիկական վատ վիճակով։ Բանն այն է, որ բնակավայրին մատակարարվող ջրի հիմնական ծավալն ապահովող կապտաժները տարիների ընթացքում քայքայվել են և չունեն սանիտարական պահպանման գոտիներ։
Խնդրահարույց է նաև դեպի Բռնակոթ ձգվող շուրջ 17 կմ երկարությամբ պողպատե խողովակաշարի վիճակը․ դրա առանձին հատվածների քայքայման հետևանքով համակարգում պարբերաբար վթարներ են առաջանում։
Ծրագրի արդյունքում շուրջ 2500 բնակչի համար կապահովվի շուրջօրյա, կայուն և անվտանգ ջրամատակարարում՝ բարձրացնելով բնակավայրի ջրամատակարարման համակարգի հուսալիությունը։