Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 1-ի ժամը 10․30-ին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները Դավթաշենի 2-րդ թաղամասում, տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի տարբեր հյուրատներում բնակվող օտարերկրացի երկու երիտասարդի։ 22-ամյա օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 32 փաթեթ, որոնց մեջ, ըստ նրա, մարիխուանա էր։ Հայտնաբերվածի քաշը՝ շուրջ 73 գրամ։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ պարզվել է, որ նախորդ օրը երիտասարդները մարիխուանայով փաթեթները ձեռք են բերել տելեգրամյան մի հասցեատիրոջից՝ գումարի դիմաց իրացնելու նպատակով։ Երիտասարդը հայտնել է, որ արդեն տեղադրել է մի քանի փաթեթ, որոնց տեղը պատրաստ է ցույց տալ։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց տեղադրված երեք փաթեթ։
Երկուսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։