Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեհաստանի հատուկ ծառայությունները բարձր են գնահատում վարչապետ Դոնալդ Տուսկի և փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի հասցեին հնչած սպառնալիքների իրագործման հավանականությունը։ Հնարավոր մահափորձի մասին նոր մանրամասներ է հայտնել հատուկ ծառայությունները համակարգող նախարարի ներկայացուցիչ Յացեկ Դոբժինսկին, հայտնում է Interia-ն։
«Մենք խոսում ենք այս սպառնալիքների իրագործման բարձր հավանականության մասին։ Մենք այս հարցին շատ լուրջ ենք վերաբերվում», — հայտարարել է Դոբժինսկին։
Լեհաստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Կարոլինա Գալեցկայի վկայությամբ, Տուսկի և Կոսինյակ-Կամիշի դեմ հնարավոր մահափորձի մասին հաղորդումը ոստիկանություն է ստացվել Պետական պահպանության ծառայության (SOP) միջոցով հայտարարության օրը։ Դրանից հետո ՆԳ նախարար Մարչին Կերվինսկին և հատուկ ծառայությունները համակարգող նախարար Տոմաշ Սեմոնյակը հանձնարարել են անհապաղ հրավիրել խորհրդակցություն՝ ոստիկանության, SOP-ի, ՆԳՆ-ին ենթակա այլ ծառայությունների և Ներքին անվտանգության գործակալության (ABW) մասնակցությամբ։
Հանդիպումը կայացել է Հակաահաբեկչական կենտրոնում։ Մասնակիցները քննարկել են սպառնալիքների հետ կապված հետագա գործողությունները։
Դոբժինսկին ընդգծել է, որ խոսքը երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կյանքի և անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների մասին է։ Ըստ նրա, տեղեկությունը ճանաչվել է բավականաչափ լուրջ և վստահելի, որպեսզի իշխանությունները որոշեն հրապարակայնորեն հայտնել դրա մասին։
Հատուկ ծառայությունների ներկայացուցիչը նաև նշել է, որ Լեհաստանի և նրա քաղաքացիների հասցեին սպառնալիքների թիվը տարեցտարի աճում է։ Հնարավոր սպառնալիքների մասին տեղեկություններ ստացվում են տարբեր աղբյուրներից՝ ներառյալ ԶԼՄ-ները, սոցիալական ցանցերը և օպերատիվ ալիքները։ Ներքին անվտանգության գործակալությունը շուրջօրյա հավաքում և ստուգում է նման տեղեկությունները։
Դոբժինսկին չի բացահայտել հնարավոր հարձակման մասին կոնկրետ տեղեկատվության աղբյուրը՝ հղում անելով հատուկ ծառայությունների աշխատանքի մանրամասները գաղտնի պահելու անհրաժեշտությանը։ Նա հավաստիացրել է, որ վարչապետը գտնվում է պահպանության տակ, իսկ համապատասխան ծառայությունները միջոցներ են ձեռնարկում նրա անվտանգությունն ապահովելու համար։
Նախարար-համակարգողի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ հատուկ ծառայությունները շարունակում են աշխատել այս գործով։ Ստուգման արդյունքների մասին իշխանությունները մտադիր են հայտնել ավելի ուշ։