Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գևորգ Թորոսյանին նշանակել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։

Ստորև ներկայացնում ենք Թորոսյանի կենսագրությունը 👇

Ծնվել է 1977 թ. հուլիսի 7-ին։

1994–1999 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ Գերազանցությամբ ավարտել է «Միջազգային տնտեսագիտություն» մասնագիտությամբ։

1996–2000 թթ. սովորել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Գերազանցությամբ ավարտել է «Միջազգային իրավունք» մասնագիտությամբ։

1999–2002 թթ. գիտահետազոտական աշխատանք է իրականացրել Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում, իսկ 2001–2002 թթ.՝ նաև Գերմանիայի Մյունստերի համալսարանում։ Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Ատենախոսությունը նվիրված է օտարերկրյա ներդրումների ներգրավման ինստիտուցիոնալ խնդիրներին։

2003–2004 թթ. սովորել է Շվեյցարիայի Բեռնի համալսարանի Առևտրի համաշխարհային ինստիտուտում։ Գերազանցությամբ ստացել է միջազգային առևտրի իրավունքի և տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։

2004–2011 թթ. աշխատել է որպես անկախ խորհրդատու՝ Համաշխարհային բանկի, ԱՄՆ կառավարության և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում։ Խորհրդատվություն է տրամադրել առևտրի դյուրացման, ԵՄ օրենսդրությանը մոտարկման, ենթակառուցվածքային բարեփոխումների և օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցերով։

2005–2010 թթ. դասավանդել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում՝ մագիստրոսական ծրագրի շրջանակում վարելով միջազգային տնտեսագիտության և առևտրի, միջազգային տնտեսական իրավունքի և Առևտրի համաշխարհային կազմակերպության իրավունքի դասընթացներ։

2006–2008 թթ., «Emerging Markets Group» (նախկինում՝ Deloitte Touche Tohmatsu Emerging Markets) ընկերության կազմում անցել է աշխատանքի ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ՄԶԳ) Հայաստանում ֆինանսական շուկաների զարգացման ծրագրում՝ որպես իրավական և կարգավորման հարցերով խորհրդատու։

2011–2017 թթ., Վաշինգտոնում աշխատել է «Պրագմա» կորպորացիայում՝ որպես ծրագրերի ավագ ղեկավար։ Համակարգել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող՝ շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով ծրագրեր Արևելյան Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Այդ շրջանակում՝ ղեկավարել է առևտրի և ներդրումների միջավայրի բարելավման և ձեռնարկությունների մրցունակության բարձրացման աշխատանքներ, համակարգել է ֆինանսավորման հասանելիության ընդլայնման, պետություն–մասնավոր գործընկերության և ներդրումների ներգրավման աշխատանքներ, ապահովել է Հայաստանում ավիացիայի ոլորտի ազատականացման և «բաց երկնքի» քաղաքականության ներդրմանն ուղղված աշխատանքների մասնագիտական կառավարումը:

2017–2023 թթ. աշխատել է որպես անկախ խորհրդատու և խորհրդատվական խմբերի ղեկավար։ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԱՄՆ կառավարության և Եվրամիության ֆինանսավորմամբ ծրագրերում զբաղվել է տնտեսական զարգացման ծրագրերի գնահատմամբ, ԵՄ օրենսդրությանը մոտարկման, ենթակառուցվածքային ոլորտներության կարգավորման դաշտի բարելավման և պետական կառավարման թվայնացման հարցերով Հայաստանում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիաի երկրներում։

2018–2022 թթ. եղել է Համաշխարհային բանկի խորհրդատու՝ կարգավորման ազդեցության գնահատման և փաստահեն քաղաքականության մշակման հարցերով։

2021–2022 թթ. եղել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի խորհրդատու՝ ավիացիայի ոլորտի բարեփոխումների հարցերով։ Մշակել է ուսումնասիրություն՝ գնահատելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ֆինանսական և տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավոր ուղղությունները։

2023–2026 թթ.-ին աշխատել է Վաշինգտոնում գործող «Integra Government Services International» ընկերությունում, որտեղ զբաղեցրել է ծրագրերի գնահատման և տնտեսական հետազոտությունների տնօրենի պաշտոնը։ Ղեկավարել է ԱՄՆ պետքարտուղարության, ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի, ՄԶԳ և Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ֆինանսավորմամբ Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի տարբեր երկրներում՝ ղեկավարելով շուրջ 35 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով ծրագրեր։

Մասնագիտական գործունեության ընթացքում խորհրդատվություն է տրամադրել ինչպես ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացման, այնպես էլ ոլորտային քաղաքականության, իրավական կարգավորման և ինստիտուցիոնալ բարեփոխումների հարցերով՝ բանկային համակարգի, կապիտալի շուկաների, թվային պետական կառավարման, տեխնոլոգիաների, էներգետիկայի, փոստային ծառայությունների և ավիացիայի ոլորտներում։

Տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։

497