Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանը մասնակցել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության «Trigger X – Eastern Europe and Central Asia» միջազգային օպերացիային, որը համակարգվում էր ԻՆՏԵՐՊՈԼ-ի Գլխավոր քարտուղարության կողմից։

Օպերացիայի առանցքում հրազենի ապօրինի շրջանառության և հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն էր։

Հայաստանում օպերացիայի ազգային համակարգումն իրականացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն՝ սերտ համագործակցելով իրավապահ այլ մարմինների հետ։

Միջոցառման ընթացքում հանրապետության ողջ տարածքում իրականացվել են օպերատիվ-հետախուզական, կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ։ Արձանագրվել է զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության 164 դեպք, որից 11-ով կատարվել են ձերբակալություններ։

Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 248 միավոր հրազեն և հրազենի բաղադրամաս, այդ թվում՝ ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, ատրճանակներ, ինքնաշեն հրազեն և այլն։

Հայտնաբերվել, առգրավվել կամ կամավոր հանձնվել է նաև ավելի քան 11 հազար փամփուշտ, 137-ից ավելի ձեռքի նռնակ, 120-ից ավելի նռնակի պայթուցիչ և դետոնատոր, 108-ից ավելի պահունակ, ինչպես նաև ականանետի և նռնականետի արկեր, պայթուցիկ նյութեր ու այլ զինամթերք։

«Trigger X» միջազգային օպերացիայի արդյունքները ևս մեկ անգամ ընդգծում են միջգերատեսչական համագործակցության, միջազգային տեղեկատվական փոխանակման և կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում և հանրային անվտանգության ամրապնդման գործում։

93