Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

National Geographic պարբերականը Հայաստանն ընդգրկել է 2027 թվականի աշխարհի լավագույն ճամփորդական ուղղությունների շարքում։

Պարբերականի՝ ամբողջ աշխարհից գրողների, լուսանկարիչների և ճանապարհորդողների մասնակցությամբ կազմվող «Աշխարհի լավագույն ուղղությունները» ամենամյա ցանկը ներկայացնում է վեց մայրցամաքներում գտնվող 25 ուշագրավ ուղղություն, որտեղ նոր երթուղիները, մշակութային վերածնունդը և նշանակալի տոնակատարությունները հենց հիմա այցելելու լավագույն առիթ են։

National Geographic-ի Հայաստանին նվիրված՝ «Ինչո՞ւ այցելել Հայաստան» մասում առանձնացվում է երկարատև արշավների համար նախատեսված հավակնոտ երթուղին, որը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի առավել վայրի ու դժվարամատչելի անկյունները բացահայտելու համար։

Պարբերականում անդրադարձ է կատարվել Տրանսկովկասյան արահետին․ «Հայաստանի բարձրադիր շրջանների բնապատկերները բնորոշվում են տպավորիչ հրաբխային լեռնազանգվածներով ու փարթամ ալպյան հովիտներով, որոնց մեջ թաքնված են միջնադարյան վանքեր և Մետաքսի ճանապարհի ժամանակներից պահպանված քարավանատներ։ Թեև այս տարածքներով ճանապարհորդելը հեշտ չէ, Տրանսկովկասյան արահետի (Transcaucasian Trail, TCT) երկայնքով իրականացվող նոր աշխատանքները Հայաստանն ավելի գրավիչ են դարձնում արշավային կոշիկներով երկիրը բացահայտել ցանկացողների համար»։

Ըստ հոդվածի՝ TCT-ով արշավը շարունակում է մնալ բավականին դժվարին փորձառություն, սակայն երթուղու շարունակական բարելավումները ճանապարհորդությունն ավելի մատչելի են դարձնում։ Արահետների բարեկարգումը, նոր ցուցանակների տեղադրումն ու ճամբարային նոր կանգառների ստեղծումը հեշտացնում են Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը՝ Աժդահակը բարձրանալը, Վայոց ձորի գինեգործական շրջաններն ուսումնասիրելը, Լոռու գետային կիրճերով քայլարշավներ կատարելը և հեռավոր բնակավայրեր այցելելը։

Ներկայացնելով Հին Մարտիրոսը՝ նշվում է, որ այնտեղ այցելուները կարող են նախապես պայմանավորվել տեղացիների տանը գիշերակացի համար և սովորել պատրաստել արշավի ընթացքում հավաքած վայրի բույսերից ու այլ բնամթերքից պատրաստվող ուտեստներ։

Նշվում է, որ անցած ամռանը մեկնարկել են նաև Հայաստանի ազգային արահետի (Armenian National Trail, ANT) առաջին հատվածները, որոնք արդեն բաց են արշավների համար և մի քանի կետերում հատվում են TCT-ի հետ։ Ամբողջական ավարտից հետո ANT-ի երկարությունը կկազմի շուրջ 600 մղոն։ Ի տարբերություն Անդրկովկասյան արահետի՝ այն նախատեսված է բացառապես Հայաստանի տարածքում երթուղիներ ձևավորելու և հատկապես գյուղական բնակավայրերը միմյանց կապելու համար։

Այս նախաձեռնություններն ու ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանը վերածում են Ասիայի ամենահետաքրքիր արշավային ուղղություններից մեկի։

 

51