Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Կառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար։ Մրցույթի նպատակն է ընտրել մասնագիտական, կառավարչական և կազմակերպչական բարձր կարողություններ ունեցող թեկնածուի, որը կկարողանա ապահովել պետական արարողակարգի ծառայության արդյունավետ ղեկավարումը, բարձր մակարդակի պաշտոնական այցերի և միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև ծառայության հետագա զարգացումը։

Թեկնածուներին ներկայացվող հիմնական պահանջները

· Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, մասնավոր կամ պետական հատվածում, այնպիսի ոլորտներում, որոնք ներառում են մեծ միջացառումների և բանակցությունների կազմակերպում, լոգիստիկ խնդիրների լուծում։

· Առնվազն 3 տարվա ղեկավար կամ բարդ կազմակերպական գործընթացների կառավարման փորձ։

· Պետական և դիվանագիտական արարողակարգի, միջազգային հարաբերությունների և համապատասխան օրենսդրության իմացություն։

· Հայերենի բանավոր և գրավոր իմացություն, անգլերենի և ռուսերենի առնվազն C1 մակարդակի իմացություն՝ բանավոր և գրավոր։

· Կառավարչական, կազմակերպչական կարողություններ և հաղորդակցման բարձր հմտություններ, դիվանագիտական նրբանկատություն և ներկայացուցչականություն։

· Տեխնոլոգիական, մասնավորապես արհեստական բանականության գործիքներով աշխատելու հմտություններ։

Մրցույթի անցկացման կարգը

Մրցույթն անցկացվելու է հետևյալ փուլերով՝

1. Ներկայացված փաստաթղթերի և մոտիվացիոն նամակների գնահատում, թեկնածուների կարճ ցուցակի ձևավորում։

2. Պետական արարողակարգի վերաբերյալ տեսական գիտելիքների գրավոր ստուգում։

3. Գործնական իրավիճակային առաջադրանք։

4. Կառուցվածքային հարցազրույց։

5. Արդյունքների ամփոփում և առավելագույն միավորներ հավաքած երեք թեկնածուների ներկայացում ՀՀ վարչապետին՝ վերջնական որոշում կայացնելու համար։

Դիմելու կարգը

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

1. Մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով թեկնածուի համապատասխանությունը սահմանված ընտրության չափանիշներին։

2. Ինքնակենսագրություն (CV) և մասնագիտական գործունեության նկարագիր։

3. Բարձրագույն կրթությունը և մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթեր։

4. Վերջին աշխատավայրի անմիջական ղեկավարի կողմից տրված բնութագիր։

Դիմումների ընդունման ժամկետը՝ հայտարարության հրապարակման օրվանից 10 օրացուցային օր։

Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել՝ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի մրցույթ»։

Մրցույթի հաջորդ փուլերին մասնակցելու համար ընտրված թեկնածուները կտեղեկացվեն անհատապես։

56