Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Ն.Մ.-ն, հանդիսանալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի դաստիարակ, 2026 թվականի օգոստոսի 9-ին ֆիզիկական բռնության է ենթարկել իրենից կախվածության մեջ գտնվող՝ նույն կազմակերպությունում շուրջօրյա խնամքի ծառայություն ստացող, 2012 թվականին ծնված անչափահաս սանին։
Մասնավորապես, Ն.Մ.-ն, օրվա կարգացուցակով սահմանված քնի ժամին ննջասենյակում գտնվելու փոխարեն անչափահասին նկատելով միջանցքում, վերջինիս հրելով տեղափոխել է խմբասենյակ, որտեղ գտնվող այլ սաների և աշխատակիցների ներկայությամբ տևական ժամանակ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր հատվածներին, որի հետևանքով անչափահաս սանին պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, Ն.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոփոխվել է տնային կալանքով։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։