Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ հեռախոսազրույցում քննարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաև Բալթիկ ծովի տարածաշրջանում և Հյուսիսային Եվրոպայում անվտանգության ապահովման հարցերը։ Այս մասին հայտնել է Կրեմլը։
Կրեմլի հաղորդմամբ՝ զրույցը կայացել է Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարների նախաձեռնությամբ։
Պուտինը ներկայացրել է հակամարտության գոտում տիրող իրավիճակի իր գնահատականը և անդրադարձել դրա առաջացման պատճառներին։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնել հնարավոր է միայն Ռուսաստանի շահերը հաշվի առնելու դեպքում։
Կողմերն անդրադարձել են նաև Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ողջունելով այդ նախաձեռնությունը։
Բացի այդ, Ռուսաստանի նախագահը Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարներին տեղեկացրել է Օլեշկիի շրջանում իրականացվող հումանիտար գործողության մասին, որին, ըստ Կրեմլի, աջակցել է ԱՄՆ-ը։
Եվրոպական անվտանգության հարցերի շուրջ քննարկման ընթացքում Պուտինը քննադատել է ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ երկրների առճակատման քաղաքականությունը՝ պնդելով, որ այն երկարաձգում է ուկրաինական հակամարտությունը։
Կողմերը նաև ընդգծել են միջազգային ծովային իրավունքի և նավագնացության ազատության սկզբունքի պահպանման կարևորությունը։
Հեռախոսազրույցի ավարտին Պուտինը, Ստուբն ու Ստյորեն պայմանավորվել են ապագայում էլ շարունակել ուղիղ կապը հեռախոսազրույցների միջոցով։