Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող աշխարհի առաջնությունում: Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում 8։4 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամմադլիին ու հռչակվել աշխարհի չեմպիոն, հայտնում է ԿԳՄՍՆ-ը։
«Կարեն Ասլանյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10։0 հաշվով առավելության է հասել ռումինացի մրցակցի նկատմամբ, ապա 1/8 եզրափակչում 8։0 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին։ Քառորդ եզրափակչում Ասլանյանը 9։0 հաշվով հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 12:4 հաշվով առավելության է հասել Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի նկատամամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալին՝ վճռորոշ գոտեմարտում 4։1 հաշվով առավելության հասնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Յարոսլավ Ֆիլչակովի նկատմամբ։
ԱԱ-ի բրոնզե մեդալը նաճելուն մոտ էր նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։ Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիրը երրորդ տեղի համար պայքարում գոտեմարտել է Կուբայի ներկայացուցիչ Օրտա Սանչեսի հետ և 6։8 հաշվով զիջել մրցակցին։
Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբիշներն աշխարհի առաջնությունն ավարտել են 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով»,-նշված է հաղորդագրությունում։