Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Այսօր եվրոպացի գործընկերների հետ մենք դա քննարկում էինք։ Ներսում էլ մենք դա քննարկում ենք. քննարկում ենք այդ հնարավորությունը, և մեզ համար շատ կարևոր է ոչ միայն տեխնիկական քայլ անել, ասել, որ կոճակը սեղմում ենք և դիմումն ուղարկում»։ Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում՝ պատասխանելով Euronews-ի հարցին, թե երբ է սպասվում ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության համար դիմումի ներկայացումը։

«Շատ կարևոր է, որ ամբողջ այս գործընթացն ուղեկցվի քաղաքական երկխոսությամբ հենց այս թեմայի շուրջ, և, իհարկե, մեզ հետաքրքրում է դա քննարկելը։

Բնականաբար, վերջին տարիներին մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ խորանում է, ինչը շատ լավ է։ Պիտի անկեղծ լինեմ՝ կասկած անգամ չունեմ, որ կգա ժամանակը, և այն շատ հեռու չէ»,- նշեց վարչապետը։

Իսկ հարցին, թե կոնկրետ որ տարին է թիրախավորվում, Փաշինյանը պատասխանել է.

«Գիտեք՝ ես չգիտեմ՝ որքանով դա իրատեսական է, բայց հաջորդ տարին կարող է իրատեսական լինել, 2028-ը կարող է իրատեսական լինել, բայց հիմա մենք կենտրոնացած ենք վիզաների ազատականացման երկխոսության վրա, և մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029 թվականին, և դա հերթական շատ կարևոր փուլը կլինի ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացման գործընթացում։

Բայց մենք կարող ենք ասել, որ սկսել ենք գործընթաց, որը մեզ կբերի վերջնական որոշման՝ Եվրոպական միությանն անդամակցելու դիմում ներկայացնելու մասին։ Որովհետև հիմա, իսկ սա շատ կարևոր է, Հայաստանի և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնում են մեկ շատ կարևոր կետի շուրջ. ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունները ներկայումս այն ամենաբարձր կետում են, որին երբևէ հասել ենք»։

59