Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ համայնքային ոստիկանների ու պարեկների միջոցառումների արդյունքում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և կամավոր հանձնման դեպքերը:

Նոյեմբերի 10-ին Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 39-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ 39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ինքնաձիգի 8 պահեստատուփ՝ լիցքավորված ընդհանուր 162 փամփուշտով, և սվին-դանակներ։

Նույն օրը Տավուշի բաժնում գրանցվել է նաև զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։

Պառավաքար գյուղի 36-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացրել որսորդական ողորկափող հրացան, երկու նռնակ՝ պայթուցիչներով, և տարբեր տեսակի 169 փամփուշտ։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում։

Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ զինամթերք է թողել Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող ենթակայանի մոտ՝ քարի տակ։ Պարեկները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ և 40 փամփուշտ։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

121