Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախագծի նպատակը հասարակական կազմակերպությունների, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտների և կուսակցությունների ֆինանսական անկախության ու թափանցիկության բարձրացման, ազատ և անկողմնակալ խոսքի զարգացման, բնակչության հետ կապի ամրապնդման նպատակով կառուցակարգերի ձևավորումն է։ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը։

Կառավարությունն առաջարկում է ընդլայնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված սոցիալական ծախսերի շրջանակը։ Փոխնախարարի խոսքով նախագծով սահմանվում է, որ սոցիալական ծախսեր են համարվում նաև ֆիզիկական անձանց կողմից վերոնշյալ կազմակերպություններին անհատույց հատկացվող դրամական միջոցները։

Խոսելով հատկացումների կատարման ընթացակարգի մասին՝ Համլետ Սահակյանն ընդգծել է․ «Հարկային մարմնում ստեղծվելու են հասարակական կազմակերպությունների, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտների և կուսակցությունների ցանկեր, որոնք հարկային մարմինը հրապարակելու է։ Ցանկերում կարող են ներառվել Կառավարության սահմանած չափանիշներին բավարարող և իրենց ֆինանսական գործունեության վերաբերյալ որոշակի տեղեկատվություն հարկային մարմին ներկայացրած ՀԿ-ները, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտները և կուսակցությունները»։

Ըստ զեկուցողի՝ ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամանակ էլեկտրոնային համակարգի միջոցով ընտրելու են կազմակերպությունը, նշելու են հատկացվող գումարի չափը և պետական գերատեսչությունները կազմակերպելու են գումարի փաստացի փոխանցման գործընթացը։ Նշվել է, որ հատկացում կարող է կատարվել միաժամանակ որևէ հասարակական կազմակերպության, որևէ լրատվամիջոցի կամ որևէ կուսակցության։

Փոխնախարարը պատասխանել է նաև առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ պատգամավորների հարցադրումներին։

Առաջին ընթերցմամբ նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ի նիստում և ստացել դրական եզրակացություն։

94