Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում է՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (IAP) Գործադիր կոմիտեի 62-րդ նիստին և 31-րդ տարեկան համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի սեպտեմբերի 9-ին ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ։ Գործադիր կոմիտեն Ասոցիացիայի ղեկավար մարմինն է և գործում է Ասոցիացիայի բարձրագույն մարմնի՝ Գլխավոր ժողովի լիազորությունների ներքո։

Դատախազների միջազգային ասոցիացիան միջազգային մասնագիտական կազմակերպություն է, որը միավորում է տարբեր երկրների դատախազներին և նպաստում դատախազական գործունեության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը և իրավունքի գերակայության ամրապնդմանը։

Աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 14-ին և 15-ին նախատեսված են Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստերը, որոնց ընթացքում կքննարկվեն Ասոցիացիայի գործունեությանը, իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին, ինչպես նաև միջազգային դատախազական համագործակցությանն առնչվող հարցեր։

Նոյեմբերի 16-ին կկայանա Դատախազների միջազգային ասոցիացիայի 31-րդ տարեկան համաժողովը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի ապրիլի 15-ին Շանհայում տեղի ունեցած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստի ընթացքում Գործադիր կոմիտեի անդամները միաձայն հավանություն են տվել 2028 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ասոցիացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստն անցկացնելու առաջարկին։

49