Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) տեղի ունեցած քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարներին, ինչպես նաև Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության իր տեսլականին։

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից՝ վարչապետը նշել է, որ երկու երկրները մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը։ Նա հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպումը՝ այն գնահատելով դրական։

«Երկու օր առաջ ես շատ դրական հանդիպում ունեցա նախագահ Էրդողանի հետ, և երկուստեք արձանագրեցինք, որ առաջընթաց ունենք և շատ մոտ ենք վերջին քայլին՝ այն է՝ հաստատելու դիվանագիտական հարաբերություններ և լիարժեք բացելու սահմանները»,- հայտարարել է Փաշինյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունեն վերջնական և տևական խաղաղություն հաստատելու համար։ Նրա համոզմամբ՝ այդ հնարավորությունը չօգտագործելն աններելի կլիներ։

«Այժմ մենք շատ իրատեսական և պատմական շանս ունենք հաստատելու հարատև, վերջնական, մնայուն, տևական, հուսալի խաղաղություն, և աններելի կլիներ չօգտագործել այդ հնարավորությունը։ Եվ դա իմ անձնական առաքելությունն է և մեր կառավարության առաքելությունը՝ օգտագործել այս պատմական հնարավորությունը»,- ասել է նա։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությանը։ Պատասխանելով մոդերատորի հարցին, թե արդյոք Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքական վեկտորը, Փաշինյանը նշել է, որ Երևանը չի ձգտում հեռանալ մի գործընկերոջից՝ մյուսի հետ մերձենալու համար։

«Հայաստանը այնտեղ է, որտեղ եղել է և կա․ Հայաստանը լինելու է այդտեղ, իր տեղում... Մենք չենք ուզում հեռանալ որևէ գործընկերներից և ավելի մոտ լինել այլ գործընկերների․ ընդամենը իրականացնում ենք, իրագործում ենք մեր հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականությունը»,- ընդգծել է վարչապետը։

Նա այս համատեքստում անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նշելով, որ դրա իրագործման արդյունքում ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ Հարավային Կովկասը կարող է վերածվել խաղաղության և տրանսպորտային հաղորդակցությունների խաչմերուկի։

Քննարկման ավարտին Փաշինյանին հարց է ուղղվել, թե ինչպիսին է պատկերացնում Հայաստանը 20 տարի անց։ Վարչապետը պատասխանել է, որ այդ ժամանակ Հայաստանը տեսնում է Եվրոպական միության կազմում։

«Հայաստանը ես տեսնում եմ Եվրոպական միության կազմում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

61