Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այս պահին ունենք 1 մլն 800 հազարից ավելի շահառու, արդեն ապահովագրված անձ: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 17-ի նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե 2026-ի քանի քաղաքացի է օգտվել բժշկական ապահովագրությունից:
«Տարվա սկզբին այս թիվը մոտ 1,5 մլն էր, և մեր շահառուները, որոնք օգտվել են ապահովագրությունից, միլիոնից անց են, իսկ այն ծառայությունների թիվը, որ ստացել են, տասնյակ միլիոնից ավելի է: Այսինքն՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը լիարժեք գործում է:
Բայց մենք մշտապես հետևողական, շատ ուշադիր ենք, թե ինչը կարելի է լավարկել, ինչը կարելի է փոփոխել, ինչպես կարելի է ծառայություններ ստանալու գործընթացն ավելի հարմար դարձնել քաղաքացու համար թե՛ թվային գործիքների օգտագործման, թե՛ բոլոր այլ հնարավոր միջոցներով: Սա անընդհատ գործընթաց է»,- ասաց նա:
Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ հանրության շրջանում գոհունակություն կա համակարգից, և կա մեծ ցանկություն, որ այն իրո՛ք դառնա համընդհանուր: Անահիտ Ավանեսյանն արձագանքեց՝ 2028 թվականին համակարգի շահառու կդառնան բոլոր քաղաքացիները: