Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 11-ին տեղեկացրել էր, որ դատախազական ներգործության արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Արարատի մարզի տարածքում գտնվող, «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլար արժեքով շուրջ 5330 հա մակերեսով հողատարածք:

Դատախազությունը, շարունակելով ուսումնասիրել «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը պատկանող հողամասերի ձեռքբերման իրավաչափությունը, հայտնաբերել էր մի շարք այլ խախտումներ:

Մասնավորապես.

Վ.Հ.-ն, 2008 թվականի հունիսի 12-ից մինչև 2010 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Արարատի մարզպետի պաշտոնը, 2006 թվականի ընթացքում Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Ա.-ի, նույն ժամանակահատվածում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վ.Մ.-ի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Ա.Ս.-ի համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, պաշտոնեական լիազորություններն անցնելով, «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը 25 տարի ժամկետով, ձևական մրցույթ անցկացնելու եղանակով` վարձակալության իրավունքով, հատկացրել է Արարատի մարզի վարչական սահմաններում գտնվող ընդհանուր՝ 1054.95 հա մակերեսով 4 բնապահպանական հողատարածք:

2026 թվականի օգոստոսի 10-ին Դատախազության կողմից հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության՝ 1054.95 հա մակերեսով հողամասերի՝ 2009 թվականի նոյեմբերի 23-ի մրցույթն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 13-ի վճռով բավարարվել է Արարատի մարզի դատախազության հայցը։ Անվավեր են ճանաչվել 3 միլիարդ 627 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1054.2 հա մակերեսով 4 հողամասերի վերաբերյալ մրցույթները, ինչպես նաև կիրառվել են անվավերության հետևանքներ, այն է՝ անվավեր են ճանաչվել հողամասերը վարձակալության հանձնելու մասին կնքված պայմանագրերը և դրանց նկատմամբ կատարված պետական գրանցումները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի 1054.2 հա մակերեսով 4 հողատարածք:

43