Կորոնավիրուսի համավարակի պայմաններում մշակութային կյանքի, հետպատերազմյան հոգեվիճակի, հասարակության կյանքում մշակույթի գործիչների դերի եւ այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակը» զրույցել է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանի հետ․

 

Բաբկեն, պատերազմը մեզ անդառնալի կորուստներ պատճառեց, եւ կարծես թե առաջինը մշակույթի գործիչները փորձեցին ուշքի գալ այդ ծանր հարվածից՝ ջանալով գույներ բերել մեր կյանք։ Այս պատերազմում դուք դիտորդի դերում չէիք. հենց սկզբից կամավորագրվել ու միացել էիք հայրենիքը պաշտպանող մարտիկներին։ Հաջողվո՞ւմ է հաղթահարել կատարվածն ու վերադառնալ մշակութային ձեր գործունեությանը։

- Ուրիշ բան չի էլ մնում անելու։ Կյանքը շարունակվում է: Ճիշտ է, սկզբում դժվար էր, բայց արդեն վերադարձել ենք։ Փորձում ենք կամաց-կամաց անցնել մեր գործերին։ Բնականաբար, ոչինչ առաջվա նման չէ, բայց պատերազմող երկրի համար, կարծում եմ, օրինաչափ վիճակ է։ Երբ գործն է դառնում ապաստարան, օազիս, մնում է ամեն ինչ անել՝ տանջող մտքերից մի փոքր շեղվելու համար, որովհետեւ պետք է շատ աշխատենք։ Բայց ամեն ինչ դեռ փորձերի մակարդակի է։ Երբ ներկայացումներ սկսենք, արդեն ավելի պարզ կերեւա։ Կստացվի։ Պիտի ստացվի, այլ տարբերակ չունենք։ Բոլորս ենք փոխվել՝ պատերազմից առաջ ու հետո։

Մոտակա ժամանակներում ո՞ր ֆիլմում ու ի՞նչ ներկայացման մեջ հանրությունը կտեսնի ձեզ։ Կա՞ արդեն սկսված աշխատանք, եւ ի՞նչ փուլում է այն։

- Դեռ նորություն չունեմ։ Թատրոնում նոր ներկայացում է պատրաստվում, բայց ենթադրում եմ՝ կմնա հաջորդ տարվան։ Ֆիլմեր եւս դեռ չկան, այս պահին որեւէ նորություն չկա։ Դադարի նման մի բան է։

 

- Դադարը համավարակով ու հետպատերազմական իրավիճակո՞վ է պայմանավորված, թե՞ հաճախ եք որոշ ժամանակ դադար վերցնում, եւ սա պարզապես համընկում էր։

- Ե՛վ պատերազմը, ե՛ւ կորոնավիրուսը հաստատ իրենց ազդեցությունն ունեն, բայց հստակ չեմ կարող հիմա ասել։ Փաստն այն է, որ դադար է։ Երկրի մակարդակով ամեն ինչ առաջվանը չէ, հոգսերն ու խնդիրները շատ-շատ են։ Իհարկե, կապում եմ նաեւ ձեր բերած պատճառները։ Անձերի մակարդակով կարող եմ ասել, որ գուցե ստեղծագործողի վրա էմոցիոնալ առումով իրավիճակն ուրիշ կերպ է անդրադառնում։ Բայց հիմա ամբողջ ազգն է բարդ հոգեվիճակում, մեկի մոտ՝ մի քիչ շատ, մյուսի մոտ՝ մի քիչ քիչ․ ընդհանուր առմամբ զգացողություն է, որը կարդացածիդ, տեսածիդ ու լսածիդ հետ չես համեմատի, քանի որ կատարվածը մաշկիդ վրա ես զգում։ Յուրաքանչյուր ընտանիք այդ ցավի զգացողությունն ունի, ու դրանից ոչ մեկս անմասն չենք։ Բոլորիս վրա էլ ազդել է՝ թե՛ ստեղծագործողների, թե՛ տարբեր ոլորտի, մասնագիտության, տարբեր տարիքի ու սեռի մարդկանց։ Մտածում եմ նաեւ, որ շատ բաներ մենք հիմա չենք զգա, որոշ ժամանակ կանցնի, ու նոր սրա հետեւանքները կզգանք՝ հոգեբանական, վարքագծի, մտածողության մեջ փոփոխությունների ու արժեքների վերագնահատման առումով։ Շատ բան է փոխվել։ Բայց մի շատ կարեւոր բան կա․ հիմա յուրաքանչյուրը պիտի կրկնակի, եռակի ջանքով իր գործն անի ու լավ պիտի անի, որովհետեւ հազար ու մի խնդիր ունենք, որոնք լուծել է պետք։

- Ինչ եք կարծում՝ գոնե հիմա այդ գիտակցությանը եկե՞լ են մարդիկ։ Ինքներդ դա նկատո՞ւմ եք, թեկուզ հանրության որոշակի շերտի մոտ։

- Տեսեք, գլոբալ առումով էդպիսի ցուցիչ չկա, որ կարողանամ, ըստ դրա, կողմնորոշվել։ Ընկերներիս, իմ շրջապատի մարդկանց հետ շփումից ելնելով՝ կարող եմ ասել, որ կա, բայց պիտի շատանա։ Մեծ մասամբ հիմա երկրում անցումային վիճակ է. ե՛ւ ներքաղաքական իրավիճակը, ե՛ւ մեր անվտանգության հարցերը, ամեն ինչ քաոտիկ է։ Այդ ամենը ժամանակի հետ ավելի կկոնկրետանա, ու գուցե ավելի պարզ երեւա, թե ինչ քայլեր են պետք անել։ Ամեն դեպքում, այդ գիտակցությունն այն մակարդակի չէ, ինչը, որ պետք է, բայց ենթադրում եմ՝ ժամանակի հարց է։ Եթե հարցնելու լինեն՝ շո՞ւտ է, թե՞ չէ այդ գիտակցմանը գալու համար, ես կասեմ՝ նույնիսկ ուշ է։ Մենք ամեն օր, ամեն ժամ ուշանում ենք։ Սթափվել ու մեծ թափով գործել է պետք հենց հիմա՝ այս պահից։ Երեկ, առաջին օրը, 10 օր առաջ․․․ արդեն պիտի սկսած լինեինք․ ուշանում ենք՝ ճիշտն ասած։

- Վերադառնանալով մշակութային կյանքին այստե՞ղ էլ ենք ուշացել։ Ըստ ձեզ՝ որոնք են ոլորտի ակնհայտ բացերն ու այն խոչընդոտները, որոնց պատճառով արվեստագետին (ոլորտի մասնագետին) դժվարությամբ է տրվում նոր բան անել կամ արածը միջազգայնորեն հանրայնացնել։

- Խոչընդոտ չեմ կարող բնորոշել։ Փոքր երկիր ենք, իսկ փոքր երկիրն ունի իր մեծ խնդիրները։ Մասնագետների խնդիր ունենք, կոմունիկացիաների, պետական աջակցության, վերաբերմունքի։ Սրանք խնդիրներ են, որոնց տակ խորքային հարցեր են թաքնված, եւ կոնկրետ անհատներով չեն պայմանավորված։ Կարող եմ խոսել մինչեւ պատերազմը եղած վիճակի մասին․ կինոարտադրության մեջ ու թատերատական ոլորտում կարծես թե ամեն ինչ այնքան էլ վատ չէր․ մարդիկ ֆիլմեր էին նկարում, կային այնպիսիք, ովքեր կանգնում էին կինոարտադրողների կողքին, ֆինանսապես աջակցում եւ այլն։ Գոնե այդ բնագավառում ինչ-որ բաներ տեղի էին ունենում։ Ուրիշ հարց է, թե որքանով է մեր պետությունը վերանայել մշակութային քաղաքականությունը, որը պարտավոր է անել, որովհետեւ ժամանակներն ուրիշ են։ Հիմա ինձնից մոդել չհարցնեք, ես չգիտեմ՝ որն է այդ մոդելը։ Այն մոդելը, որով այսօր կառավարվում է մշակութային ոլորտը, վաղուց արդեն սպառել է իրեն։ Մշակույթի նախարարությունը պետք է լինի մշակույթին աջակցող մարմին, գրասենյակ, ոչ թե թելադրի ճաշակ ու որակ։ Այն պետք է օգնի մշակույթի զարգացմանը։ Ձեւերը չգիտեմ, ես այդ մասնագետը չեմ։ Բայց կարելի է, չէ՞, համաշխարհային փորձն ուսումնասիրել, առաջնահերթությունները ճշտել։ Պետությունը պետք է ունենա ազգային գաղափարախոսություն, առաջնահերթություններ ու դրանց վրա կառուցի բոլոր ուղղությունների զարգացումը։ Մշակույթը բոլոր դեպքերում պետք է լինի առաջնահերթությունների մեջ։ Որ երկիրը չունեցավ մշակույթը որպես առաջնահերթություն, այդ երկիրը դատապարտված է կործանման կամ տասնամյակներով աշխարհից հետ մնալուն։ Դա կլինի ազգի կորուստը բոլոր իմաստներով՝ աշխարհում կշիռ ունենալու, իր ձայնը լսելի դարձնելու, խաղացող լինելու եւ բոլոր առումներով։

2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո իշխանության եկած որոշ գործիչներ կարծես թե փորձում էին ոլորտում փոփոխութուններ անել։ Մշակույթի նախարարության կառուցվածքային փոփոխություններ եղան, նախարարներ փոխվեցին մի քանի անգամ եւ այլն։ Անցնող գրեթե 3 տարիների ընթացքում ի՞նչ է փովել։ Ըստ ձեզ՝ կարողացե՞լ են ոլորտի բարեփոխման հիմքեր դնել։

- Ո՛չ։ Եղան փոփոխություններ, բայց դրանք անհաջող էին՝ մշակույթի նախարարությունը ԿԳՄՍՆ սարքեցին, եսիմ ինչ արեցին, թե ինչ էին ուզում անել, ես չհասկացա։ Որեւէ դրական փոփոխություն չեմ նկատել։ Դա ինձ համար ցավոտ թեմա է, որի մասին միայն զայրացած եմ խոսում։ Որեւէ լավ բան չեմ տեսել․ ազգայինի նկատմամբ կասկածելի վերաբերմունք եւ այլն, եւ այլն։ Ավելի լավ է՝ ոչ մի բանի ձեռք չտային։ Եթե էսպես պիտի աշխատեին, ապա ավելի լավ էր ոչինչ չփոխեին․ ոչ կոմպետենտ մարդկանցով, այսրոպեական պոպուլիստական որոշումներով․․․ մի խոսքով, ավելի լավ է չխոսեմ․․․

- Հայ հանրության մոտ կա ձեւավորված պատկերացում, որ երբ երկրում լարված իրավիճակ է (կապ չունի ներքաղաքական խնդիրներով է պայմանավորված, թե այլ), մշակութային գործիչներն ու հանրային ճանաչում վայելող անձինք պիտի պահի թելադրանքով որեւէ տեսակետ հայտնեն։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այդ առումով, եւ, ըստ ձեզ, ի՞նչ պետք է անեն արվեստագետները նման իրավիճակներում։

- Ճիշտն ասած՝ այդ հարցն ինձ միշտ հուզել է, եւ պատասխանը չեմ էլ գտնում գոնե ինձ համար։ Կարծում եմ՝ ամեն մարդ իր գործը պիտի անի՝ մտավորականն էլ, ոչ մտավորականն էլ։ Գուցե արդարացված են հանրության սպասելիքները, հատկապես հեղինակություն վայելող ու որոշակի ճանապարհ անցած մարդկանց կարծիքը լսելու առումով, բայց չարժե դրան նայել որպես թելադրանք, կամ սուր ակնկալիքներ ունենալ։ Ստիպել էլ պետք չէ մարդկանց, եթե խոսում են՝ լավ, եթե չէ՝ չէ, բայց նաեւ հասկանում եմ, որ այդ խոսքի կարիքն իսկապես կա․ մեզ լիդերներ են պետք, որոնց հետեւից մարդիկ կգնան, որոնց կարծիքն իսկապես կարեւոր է։ Օրինակ՝ ինքս ժամանակ առ ժամանակ կարիք եմ ունենում հեղինակավոր մարդկանց կարծիքը լսելու, թե հետո ինչպես կվարվեմ այդ կարծիքի հետ, ես գիտեմ, բայց կարիքը կա լսելու, անպայման կա։ Եթե չեն խոսում, մեղադրելու իրավունք չունենք, ուրեմն մարդը չի կարող կամ հարմար չի գտնում։ Այդ հարցին միանշանակ պատասխան, գոնե ինձ համար, այսօր չկա։ Ավելի կարեւոր է, որ մարդիկ շարունակեն իրենց գործով զբաղվել։ Ամեն դեպքում, ավելի ազդեցիկ է մարդու արածը, քան խոսափողով ասածը, կամ հրապարակային հայտարարությունն ու որեւէ հոդվածը, որովհետեւ մարդու արածը եւս վարք է, ասելիք է, կողմնորոշվելու առիթ է։ Դա ես ավելի շատ եմ կարեւորում։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

964