Վահե Կամոյի Ղահրամանյան՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանող

 

Ծնվել է 1997 թ. հունվարի 31-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։ 2014 թ. ավարտել է Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանը, 2014 - 2018 թթ. սովորել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։ Համալսարանն ավարտելուց հետո ՊԲ զորամասում նշանակվել է տանկային դասակի հրամանատար։ Վահեն ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Հոգեբանություն» մասանգիտության մագիստրանտ էր և շուտով պիտի ավարտական թեզ պաշտպաներ: ԳԿՄԿ հանրային կապերի բաժինը զրուցել է հերոս Վահեի մայրիկի՝ Տիկին Էմմայի հետ: Տիկին Էմման հպարտությամբ է պատմում որդու սխրագործությունների, նրա մարտական բարձր ոգու մասին: Վահեն սեպտեմբերի 27-ից մասնակցել է պաշտպանական շրջանների մարտական գործողություններին։ Նրա մասնակցությամբ բազմաթիվ հերոսական դրվագների մասին են պատմում նաև մարտական ընկերներն ու հրամանատարները։ Հոկտեմբերի 3-ի տվյալներով՝ Վահեն իր տանկով ոչնչացրել է թշնամու՝ 15 և ավելի տանկ: Պատմում են նաև, թե ինչպես փոխգնդապետ Բազիկյանի մասնակցությամբ նա Եղնիկների ուղղությամբ (7-րդ պ/շ) 1 տանկով շարքից հանել է մի քանի ՀՄՄ և հակառակորդի դիտակետեր։ Հոկտեմբերի 7-ին կատաղի մարտեր են ընթացել Ֆիզուլի-Ջաբրայիլ ուղղություններով: Առաջին մարտի ժամանակ Վահեն հասցրել է մարտադաշտից դուրս բերել բազմաթիվ վիրավոր և զոհված ընկերների: Նույն օրը՝ երկրորդ մարտի ժամանակ, 20 ժամ անընդմեջ եղել է մարտական գործողությունների կիզակետում: Սրանք ընդամենը մի քանի դրվագ են մեր հայորդու սխրագործություններից։ Ցավոք, Վահեից դեռևս որևէ լուր չկա: Կուրսընկերներն անասելի ցավով են խոսում Վահեի բացակայության մասին: Ռայան՝ կուրսի ավագը, պատմում է, որ Վահեն մանկուց ապրել և մեծացել է զինվորական կենսակերպով: - Վահեն եղել է պրոֆեսիոնալ զինվորական, բոլորի կողմից շատ սիրված, անչափ բարի, հավասարակշռված և նվիրվող երիտասարդ: Չեմ կարող նրա հետ կապված որևէ բացասական դրվագ հիշել: Վահեի բացակայությունը անչափ ծանր է անդրադարձել յուրաքանչյուրիս վրա,- նշում է Ռայան: Վահե Ղահրամանյանը ներկայացված է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ողջ անձնակազմն իր երախտիքի խոսքն ու աջակցությունն է հայտնում մարտի ընթացքում ընկած բոլոր տղաների ընտանիքներին: Հավերժ փա՛ռք մեր Հերոսներին Հավերժ փա՛ռք Վահեին

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժին

889