ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։

 

Հանդիպման ընթացքում կարևորվել է գործընկերային հարաբերությունների և համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ շարունակականությունը։

 

Զրույցի ընթացքում Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման և արցախահայության աջակցության ծրագրերին՝ նշելով, որ դրանց հասցեականության ապահովումն ու քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը նախարարության առաջնահերթություններից են։

«Պատերազմի օրերին Արցախի գրեթե ամբողջ բնակչությունը տեղափոխվել է Հայաստան։ Մեր և Արցախի կառավարությունների գործուն ջանքերի շնորհիվ երկու ամսվա ընթացքում Արցախում կեցության վայր ունեցող շուրջ 100.000 քաղաքացի վերադարձել է Արցախ։ Քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու նպատակով շարունակում ենք վերջիններիս սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգները ևս մասնակցություն կունենա Հայաստանում ապրող արցախցիներին աջակցելու գործում։

«Ձեր ղեկավարած նախարարությունը Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկեր է։ Երկու կառույցների միջև լավ հարաբերություններն էական դեր ունեն  համատեղ իրականացվող ծրագրերի հարցում, որոնք մեր երկրների կառավարությունների ընդհանուր օրակարգերի մասն են կազմում»,- նշել է դեսպանը։

Նա կարևորել է նաև թրաֆիքինգի զոհերի և աշխատանքային շահագործման դեպքերի բացահայտման ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը՝ նշելով, որ այս հարցում Հայաստանն էականորեն բարելավել է իր դիրքերը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը։

11 Փետրվար, 2021 19:59
135
; ;