«Կառավարությունը ունի նման տեսլական՝ հաշվի առնելով ուսանողների թիվը: Նման խոսակցություններ եղել են, բայց դրանք խոսակցությունների մակարդակում են»,- AraratNews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը` անդրադառնալով համացանցում տարածվող այն տեղեկություններին, թե իբր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը միանալու է ՀՊՄՀ-ին:

«Ես ոչ մի կերպ այսպես ռեալ բան որևէ նախագծում չեմ կարդացել: Նույնիսկ այնքան էին հարցադրումները դրա հետ կապված, որ ես նույնիսկ նախարարություն զանգահարեցի: Մտածեցի, գուցե, այնուամենայնիվ ինչ-որ բան է տեղի ունեցել, որից ես տեղյակ չեմ: Նախարարությունում էլ ասացին, որ նման բան պարզապես գոյություն չունի և գոյություն ունենալ չի կարող նման ձևաչափով»,- պարզաբանեց Լիլիթ Ստեփանյանը: 

Հիշեցնենք` այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով շրջանառվող լուրերը:

Հայկ Մագոյան

 

 

784