Կառավարության որոշմամբ հաստատվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, բնակավայրերի նոր ցանկը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է e-gov.am-ում հրապարակված ՀՀ կառավարության 2014 թ դեկտեմբերի 18-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2021թ. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը հաստատելու մասին որոշումից:

Այսպիսով, ըստ ցանկի՝ սոցիալական աջակցություն ստացող համայնքների թիվը 23  է, բնակավայրերինը՝ 77՝ նախկին 16 համայնքի և 38 բնակավայրի համեմատ:

Ավելի վաղ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնել էր, որ ցանկը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 39 բնակավայրով:

Սահմանամերձ համայնքների բնակիչների համար սահմանված են մի շարք արտոնություններ: Պետությունը 50 տոկոսի չափով փոխհատուցում է սպառած էլեկտարէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները: Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից համապատասխան համայնքի բյուջե է վճարվում ևս Հայաստանի Հանրապետության կառավարության անունից: Սահմանված են այլ արտոնություններ ևս:

935