SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 15-ին Գավառում տեղի ունեցած դանակահարության փաստով։ Ժամը 11:45-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին 3-րդի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային և գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ վերքեր, ճակատի քերծվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մուրադյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գանձակ գյուղի բնակիչ 18-ամյա Գեղամ Ս․-ն է։ 

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Գավառի ոստիկանության  քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցի գետնանցումում Գեղամի Ս․-ի հետ վիճաբանել է Գավառի բնակիչ 19-ամյա Վոլոդյա Օ․-ն, ով իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գեղամ Ս․-ին։ 

Կարճ ժամանակում Գավառի ոստիկանները Գավառի «Միդեիդար» կոչվող հատվածում հայտնաբերում են Վոլոդյա Օ-ին և բերման ենթարկում Ոստիկանություն։ 

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ 

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Վոլոդյա Օ-․ն բաց է թողնվել։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

852