ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է Փաշինյանի և գերիների ծնողների փակ հանդիպմանը: Պատգամավորը վստահեցրել է, որ գերիների վերադարձի աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են, ինչպես նաև ծնողները տեղեկացվել են, թե որ փուլում են գտնվում այդ աշխատանքները:
«Գերիների վերադարձի հետ կապված գործընթացը շարունակական է ոչ միայն Խծաբերդի տղաների առումով, այլ բոլոր գերեվարվածների: Մեր խնդիրն է այն է, որ կարողանանք ապահովել հայտարարության 8-րդ կետի ամբողջական իրականացումը»,- ասել է պատգամավորը:
«Իրականում ստորագրված հայտարարության 8-րդ կետն ասում է, որ վերադարձի են ենթարկվում գերեվարված, պատանդ պահվող և այլ անձիք, այսինքն՝ անկախ իրավական կարգավիճակից, սա ենթադրում է, որ վերադարձվելու են բոլորը»,- ընդգծեց Բաղդասարյանը:
Հարցին, թե կապ հաստատե՞լ են գերեվարվածների հետ, պատգամավորն ասաց. «Երկու կամ երեք շաբաթ առաջ հաջողվել է կապվել. տղաներից մի քանիսը զրուցել են հարազատների հետ: Մյուս կապը տեղի է ունենում գերեվարվածների հարցով զբաղվող միջազգային կոնվենցիայով հաստատված պատկան մարմնի՝ Կարմիր Խաչի միջոցով»: