Գաղտնիք չէ, որ Հայաստանի հանրապետությունում գերակշռում են հիմնականում խորհրդային շրջանում կառուցված շենքերը, որոնցից մեծ մասը գտնվում են վթարային վիճակում, եւ մեծ է հավանականությունը, որ հատկապես փետրվարի 13-ի երկրաշարժից հետո նրանց թիվը ավելացել է։ Հարցի շուրջ Araratnews.am-ը զրուցել է շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ ՝ Ռուզաննա Ադամյանի հետ` արդյոք նախատեսվում են շենքերի ամրացման աշխատանքներ։

«Իհարկե ակնկալվում է, բայց դրա համար պետք է ծրագրեր մշակվեն մի քանի գերատեսչությունների հետ համաձայնեցնումների պարագայում: Կարծում եմ, որ պատասխանատուն պիտի լինի ԱԻՆ-ը, Երևանի քաղաքապետարանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, համայնքները: Բոլորը պետք է ներգրավված լինեն և իրենց մասնակցությունն ունենան՝ այդ թվում նաև հասարակությունը», - ասաց Ադամյանը: 

Տիկին Ադամյանի խոսքով սա օրակարգային հարց է և առաջիկայում այդպիսի ծրագիր կմշակվի:

Բնակարանային ֆոնդի կառավարման և ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը տրամադրեց Araratnews.am-ին հանրապետության 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածության բազմաբնակարան շենքերի վիճակագրությունը:

ՀՀ մարզերից և Երևանի քաղաքապետարանից հավաքագրված տվյալների համաձայն՝ ըստ բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքներով առկա եզրակացությունների, հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) ավելի քան 600 բազմաբնակարան շենք (տեղեկանքը կցվում է):

Այսինքն, առկա տվյալների համաձայն անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19000 բազմաբնակարան շենքերի 3.2%-ը: Հիմնական ծավալները բաժին են ընկնում Երևան քաղաքին՝ 120 բազմաբնակարան շենք (կենտրոնացած են հիմնականում Աջափնյակ (38), Շենգավիթ (31), Էրեբունի (21) համայնքներում), Լոռու և Շիրակի մարզերին համապատասխանաբար՝ 149 և 123 բազմաբնակարան շենք:

Հանրապետության բնակավայրերում առկա է նաև քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն (որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետևանքով):

Մարիամ Գեւորգյան

1055