Կարծում եմ՝ Հայաստանի համար միայն դրական կլինի, եթե Իրանը անդամակցի ԵԱՏՄ-ին, քանի որ այլևս սահմանին որևէ խոչընդոտ չի լինի ապրանքներ ներկրելու և ներմուծելու համար, և ապրանքաշրջանառությունը ավելի կմեծանա: Araratnews.am-ի հարցին, թե ինչ հեռանկարներ կարող են բացվել Հայաստանի համար, եթե Իրանը համաձայնի անդամակցել ԵԱՏՄ-ին, ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը, նկատելով, որ անդամակցումը մեր երկրի համար բացասական կողմ չունի:

«Բայց ես խիստ կասկածում եմ, որ Իրանը կդառնա ԵԱՏՄ անդամ, քանի որ դա ավելի շատ մի հնարք է: Իրենք ուզում են ԵԱՏՄ-ի հետ ավելի ինտեգրված լինեն, ավելի լավ պայմաններով` առանց մաքսատուրք առևտուր անեն, բայց անդամակցությունը ԵԱՏՄ-ին մի քիչ կասկածելի է»,- ասաց Վարդանյանը և նշեց, որ, բնականաբար, ԵԱՏՄ անդամ մյուս երկրները միանշանակ կողմ կլինեն Իրանի անդամակցությանը, քանի որ Իրանը մեծ շուկա ունի և այն նպաստավոր կլինի բոլորի համար, եթե իրանական շուկան բացվի իրենց համար: 

Իրանագետի խոսքով, պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ իրանական շուկան ունի առանձնահատկություններ. «Ինքը պրոֆեկցիոնիստական է, պլանավորչական տնտեսություն է: Քանի որ երկար տարիներ լինելով փակ երկիր` ապրանքներ է արտադրել և դրսից ներմուծվող ապրանքատեսականու համար բարձր տուրքեր է սահմանել, որպեսզի սեփական ապրանքը երկրում վաճառվի: Եթե Իրանը անդամակցի ԵԱՏՄ-ին, ուրեմն պետք է բոլոր սահմանափակումները հանի: Հենց այդ պատճառով եմ կասկածում, որ կանդամակցի»,-ասաց իրանագետը՝ անդրադառնալով նաև Հայաստան-Իրան հարաբերություններին. «Քաղաքական առումով ունենք բավականին լավ հարաբերություններ, և չեմ կարծում, թե ԵԱՏՄ-ին անդամակցումը կբերի քաղաքական փոփոխության»:

 Araratnews.am-ի հարցին, թե Հայաստանի համար ինչ փոփոխություններ կլինեն՝ հաշվի առնելով  իրանական գազի հանգամանքը, Վարդանյանը նկատեց, որ բարդ հարց է, և ամեն բան կախված է այն հանգամանքից, թե ինչ պայմաններով Իրանը կանդամակցի ԵԱՏՄ-ին:

Հիշեցնենք` օրեր առաջ Մոսկվա կատարած եռօրյա այցից հետո Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը:

Հայկ Մագոյան

6636