ՀՀ պետական եկամուտների կոմիտեն արձանագրել է թուրքական ապրանքների ներկրման փորձեր: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը նշել է, որ այդ դեպքերում ապրանքները դուրս են հանվել երկրից, չի թույլատրվել ներմուծումը:

«Նման փորձերի հավանականությունը կա, մենք շատ լավ գիտենք բոլոր ռիսկերը և մեր վարչարարական գործիքակազմով կսահմանափակենք անօրինական գործողությունները»,-ասաց Արտեմ Կարապետյանը:

Թե ինչպես է թուրքական ապրանքների արգելքն ազդել տնտեսության վրա, ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը չի շտապում մանրամասնել՝ նշելով, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը:

«2020 թվականին թուրքական ծագման ապրանքներից ունեցել ենք մոտ 25 մլրդ դրամի գանձում, սակայն ասել, որ 2021 թվականի հունվարից մինչև հունիս կունենանք 12 մլրդ դրամի նվազում, այս փուլում սխալ է, որովհետև մի շարք այլ գործընթացներ են տեղի ունենում: Բազմաթիվ տնտեսվարողներ սկսում են վերաձևակերպել իրենց բիզնեսը և նույն ապրանքատեսակը բերել Չինաստանից»,-ասել է Մնացական Շարաֆյանը:

 

19 Փետրվար, 2021 22:20
284
; ;