Տեղեկացնում ենք, որ նախորդ տարվա հոկտեմբեր ամսին քաղաքացու կողմից «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ էր բերվել մեկ առանձնյակ աղվես: Այս մասին հաղորդում են Երեւանի կենդանաբանական այգուց:

Քաղաքացին բանավոր ձևով տեղեկացրել էր, որ շտապում է մեկնել Արցախ՝ պատերազմին մասնակցելու նպատակով և այդ պատճառով որևէ փաստաթուղթ չի կարող ներկայացրել:

 

Այդ օրվանից ի վեր կենդանին գտնվել է այգու աշխատակիցների մշտական հսկողության և խնամքի ներքո, ստացել կատաղության և հիվանդությունների դեմ համապատասխան պատվաստումներ:

Պատերազմի ավարտից հետո կենդանաբանական այգու աշխատակիցները փորձել են կապ հաստատել քաղաքացու հետ, սակայն մինչ օրս չի հաջողվել խոսել նրա հետ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենդանաբանական այգում կենդանու համար համապատասխան ազատավանդակ չկար, ինչը հնարավորություն չէր տալիս ապահովել աղվեսի բնականոն կենսապայմանները, «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ը՝ կենդանուն բնության գիրկ բաց թողնելու գործընթացին աջակցելու նպատակով, դիմել էր ոլորտը վերահսկող ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

Սույն թվականի փետրվարի 23-ին կազմվեց վայրի կենդանու ընդունման-հանձնման ակտ, որից հետո ԲԸՏՄ կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի, կենդանաբանական այգու անասնաբույժի և մասնագետների հետ համատեղ աղվեսը բաց թողնվեց վայրի բնություն՝ «Ջրվեժ» արգելոցային համալիրին հարակից տարածք:

Շնորհակալություն ենք հայտնում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին արդյունավետ համագործակցության համար»:

 

918