ԵԽԽՎ-ն խիստ մտահոգված է Հայաստանի վերջին զարգացումներից և անընդունելի է համարում Գլխավոր շտաբի հայտարարությունը: Այս մասին ասվում է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Քիմմո Կիլյունենի հայտարարության մեջ:

«Մենք կարծում ենք, որ երեկ Զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած հայտարարությունը, որում պահանջվում էր ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականը, անընդունելի է»,- ասվում է հայտարարության մեջ:

Համազեկուցողները կոչ են անում բոլոր քաղաքական դերակատարներին լիարժեք հարգանք դրսևորել ժողովրդավարական սկզբունքների և Հայաստանի սահմանադրության նկատմամբ և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը անհապաղ թուլացնելու լարվածությունը:

«Հայաստանն անցնում է իր նորագույն պատմության շատ բարդ փուլով և, առավել քան երբևէ, կարիք ունի հանդարտության, զսպվածության, խելամտության, ժողովրդավարական սկզբունքների անվարան աջակցության բոլոր շահագրգիռ ուժերի կողմից՝ հանուն ծառացած քաղաքական ճգնաժամի լուծման»,- ասվում է հայտարարության մեջ:

aravot.am
 

26 Փետրվար, 2021 16:06
278
; ;