Այսօր  Araratnews.am - ը ահազանգ էր ստացել, որ զոհված սպայի երեխայից, ով «Հայբուսակ» բազային քոլեջի երկրորդ կուրսի ուսանող է, պահանջել են մուծել ուսման երկրորդ կիսամյակի վարձը։ Երբ տղան հաշվապահությունում ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի վարձը զեղչվի, նրան պատասխանել են. «Պետությունը զոհվածների ընտանիքներին փոխհատուցում է տալիս, այն ստանալուց հետո, կարող եք մուծել ուսման վարձը»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՀ կառավարության որոշմամբ ՝  2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների ուսման վարձը պետք է փոխհատուցվի։

Araratnews.am - ը կապ հաստատեց ՀՀ ԿԳՄՍ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության հետ, պարզելու արդյոք ընդունված օրենքը չի տարածվում մասնավոր ուսումնական հաստատությունների վրա։ Նախարարությունից հաստատեցին, որ ուսման վարձերի փոխհատուցման մասին օրենքը վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ուսումնական հաստատություններին. «Երեխան միանշանակ կարող է բողոքարկել քոլեջի ասածն ու դիմում գրել ԿԳՄՍ նախարարի անունով»։

Մենք զրուցեցինք նաև «Հայբուսակ» համալսարանի ռեկտորի ընդունարանի աշխատակցի հետ և խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

«Եթե երեխան ուղղակի օդի մեջ ասել է և չի տարել տեղեկանք` հնարավոր է, որ այդպիսի ինչ-որ բան եղած լինի։ Կփորձեմ ճշտել։ Մեզ մոտ կարգն այսպես է՝ եթե փոխանցումը պետք է կատարվի նախարարությունով, բնականաբար, այդպիսի սահման դրված չէ, որ  պարտադիր պետք է վճարել, այդպիսի դեպք չի եղել», - պարզաբանեցին համալսարանից։

Պարզելու համար թե արդյոք երեխան չի՞ ունեցել տեղեկանք, մենք կրկին կապ հաստատեցինք ուսանողի մոր հետ։

«Ինձ մոտ եղել են բոլոր փաստաթղթերը և նույնիսկ մեր ամուսնության վկայականի պատճեն, որոնք ես անձամբ եմ տարել քոլեջի հաշվապահություն», - պատասխանեց զոհված սպայի այրին։

Մարիամ Գեւորգյան

 

26 Փետրվար, 2021 18:23
1210
; ;