Փետրվարի 26-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր, հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ռուստամ Բաքոյանն այցելել են Իրաքյան Քուրդիստանի Դհոկ նահանգում գտնվող եզդի համայնքի սրբավայր Լալեշի տաճարը:

ՀՀ դեսպանը, գլխավոր հյուպատոսը և ԱԺ պատգամավորը հանդիպումներ են ունեցել եզդի համայնքի հոգևոր և աշխարհիկ ղեկավարների հետ: Դեսպան Հրաչյա Փոլադյանն ընդգծել է, որ հայ և եզդի ժողովուրդները ողջ պատմության ընթացքում բնակվելով կողք կողքի՝ հանդիսանում են խաղաղ համակեցության խորհրդանիշ և կապված են ամուր բարեկամական կապերով: Այցի ընթացքում համատեղ հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան պատերազմի ընթացքում զոհված ազգությամբ եզդի նահատակներին:

Հայկական պատվիրակությունն այցելել է Շեյխան շրջանում գտնվող Սինջարի 2014թ. ցեղասպանությունից փրկված եզդի փախստականների ճամբար և հանդիպել դրա ղեկավարների և Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դնայի հետ: Քննարկվել են ճամբարի առջև ծառացած խնդիրները և Հայաստանի աջակցության հնարավորությունները:

Այցի վերջում շրջայց է կատարվել ճամբարում և դրա ղեկավարությանը փոխանցվել երեխաների համար պատրաստված նվեր-փաթեթները:

28 Փետրվար, 2021 20:28
332
; ;